Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլոիզը, որ ինքնամոռացության մեջ ետ էր թեքել գլուխը, և մոմերի լույսով ցոլանում էր նրա նուրբ պարանոցը։ Նկարը պատճենն էր այդ պատկերի... Նույն մոխրագույն գանգուրները, նույն փոքրիկ քիթը, շքեղ ռունգերով, որ փքվում էին կրքով, լույսի տակ երևացնելով վարդագույն արյունը,− նույն հրեական շրթունքները՝ հազիվ նշմարելի աղվամազով: Նույնաձև էր նաև զգեստը, այն տարբերությամբ, որ երկնագույն էր և ոչ սև, բայց փնջերը նույնն էին, նույն վառ կարմիր վարդերը։ Նկարի Էլոիզն ավելի երիտասարդ էր։ Նա նստել էր բազմոցին և ծնկների վրա պահում էր բացված գիրքը։

Արմենիերը նորից համեմատեց նկարը... Տիկին Էլոիզը չուներ այն կանաչ ուլունքը, որի ծայրից կախված էր ընկույզի մեծության սև և տափակ մի քար։ Իսկ այդ քարը և ուլունքի կանաչ շարանն ստվերագծում էին նկարի կնոջ երիտասարդ և գեղեցիկ դեմքը։

Երբ տիկին Էլոիզը նվագը վերջացրեց, Արմենիերը մոտեցավ նրակ:

− Իսկ որտե՞ղ են այն ուլունքները,– և մատը մեկնեց նկարին։

− Ուզու՞մ եք ցույց տամ,− նրանք կողք-կողքի գնացին դեպի փոքրիկ պահարանը՝ կարմիր փայտից և սադափներով զարդարված:

Այդ րոպեին անձրևախառն քամին հանկարծ խփեց պատուհանին և կաթիլներն աղմուկով թմբկահարեցին։ Նրանք լուռ նայեցին իրար։

− Ծեծու՞մ են պատուհանը։

− Ո՛չ, անձրևն էր...

Տիկին Էլոիզը դարակից հանեց ուլունքների շարանը:

− Մայրս է նվիրել իմ հարսնության օրը,– մեղմ և թախծոտ ասաց տիկին Էլոիզը, կարծես կարոտեց և՛ մորը, և՛ հարսնության երջանիկ առավոտը։

− Ինչ-որ բան է փորագրված քարի վրա,− և Արմենիերը քարը պահեց լույսի դեմ։

− Այո... գրված է amor vincit omnia, որ նշանակում է սերը հաղթում է ամեն ինչի... շոտլանդական քար է։

Քարի վրա քանդակված էր նաև մի աղջիկ, որի ոտքերի առաջ ննջում էր պարտված առյուծը։

Արմենիերը ձեռքերը մեկնեց։ Նա կամեցավ ուլունքները կախել տիկնոջ պարանոցով, ինչպես նկարի վրա էր։ Նրա մատները շոշափեցին Էլոիզի ջերմ պարանոցը: Տիկինը խոնարհեց գլուխը և նրա գանգուրները շոյեցին Արմենիերի այտերը։ Նրանք իրար չէին տեսնում, այնքան մոտ էին աչքերը: