Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/625

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Հիշում եմ, սիրելիս, և հիշում եմ, որ համեղ կարկանդակ էր...

− Ես այդպես էլ ասացի իմ տիրուհուն։ Իսկ նա այնպես մանրամասն նկարագրեց տունը, թե երկու պատուհան ունի, որ նայում են փողոցին, կարմիր աղյուսե տուն է, դարբասը կանաչ գույնի և դարբասի առաջ երկու լորենի...

− Եվ ի՜նչ լորենիներ...

− Իմ տիկինն այնպես նկարագրեց, որ առանց մոլորվելու գտա ձեր տունը և դեռ հեռվից տեսա երկու լորենին...

− Որ տնկել է իմ հանգուցյալ ամուսինը, Մատիլդա, իմ և նրա լորենիները, երբ մենք նորապսակներ էինք և...

Բայց արցունքը նրան խանգարեց և պոստմեյստերի այրին գոգնոցով սրբեց արցունքը։

− Իմ տիրուհին ասաց. «Մատիլդա, գնա Արմենիերի առողջությունը հարցրու, նաև ողջունիր տիկին Աշինգերին և իսկույն վերադարձիր»։ Նա ասաց, որ վատ երազ է տեսել և սիրտն անհանգիստ է։

− Բայց ու՞ր է Արմենիերը,− զարմացած հարցրեց տանտիրուհին և կարծես միայն այդ վայրկյանին նա հասկացավ, որ տիկին Էլոիզն աղախնին ուղարկել էր Արմենիերի մասին տեղեկանալու։

− Ու՞ր կարող է լինել,− և նորից բացեց դուռը, երկուսով ներս մտան, կարծես ենթադրում էին, որ Արմենիերը կարող էր սենյակում լինել և կամ աննկատ ներս մտնել այն ժամանակ, երբ պատշգամբի վրա այրի Աշինգերը Մատիլդային պատմում էր հանգուցյալ պոստմեյստերի մասին։− Ուրեմն նա հագել է կապույտ սյուրտուկը... նաև գրատը չկա։ Իսկ այդ սյուրտուկը դեռ թաց է...

Մատիլդան հետաքրքրությամբ նայում էր պատից կախված նկարին։

− Այդ նրանց գլխավոր տաճարն է... Ինքը՝ Հիսուսը գիշերով իջել է երկնքից, մուրճով խփել գետնին և ասել է. «Այստեղ կառուցել մի տաճար...»։ Եվ այդտեղ էլ կառուցել են։ Իսկ այն սարը, որ հեռվում երևում է, Մատիլդա, սուրբ սար է... Դա Արարատն է... Որտեղ Նոյի տապանն է իջել, իսկ այժմ այնտեղ հերր պրոֆեսորը ցցել է մի խաչ, որ ինքս տեսել եմ, որովհետև այդ խաչը պատրաստել է Իոհան Ցիգլերը, իսկ նրա կինն իմ հանգուցյալ ամուսնու հորեղբոր աղջիկն է...

Մատիլդան նայում էր այնպիսի սնահավատ երկյուղով, կարծես այդ նկարն էլ սուրբ էր և նա տատանվում էր՝ խաչակնքե՞լ, թե՞ համբուրել։

Բայց այդ ժամանակ ձեղունահարկից լսվեցին ինչ-որ ձայներ։ Տիկին Աշինգերը ձեռքը զարկեց ազդրին։