Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ա՜յ... Արմենիերն այնտեղ է։ Այդպես էլ է, Մատիլդա... Երևի ես մառանումն եմ եղել, որ նա բարձրացել է վերև։ Մատիլդա,– և նրա ձայնը մեղմեց, կարծես վախենում էր վերևից լսեին,− ինձ դուր չի գալիս նրանց բարեկամությունը... Իհարկե, ինձ անհարմար է Արմենիերին զգուշացնել, բայց դու ասա տիկին Էլոիզին, ասա իմ անունից և թող Արմենիերն այլևս նրա հետ,− տանտիրուհին ցույց տվեց ձեղունահարկի կողմը,− բարեկամ չլինի... Այ, տեսնում ես,− և ձեռքը մեկնեց դեպի տրորված անկողինը,− վերևի կենվորի շնորհքն է։ Իսկ մինչև այդ, Արմենիերն այսպիսի բան չէր անում... Բոլորը նա է սովորեցնում։ Ինն ամիս է վարձը չի վճարել և դեռ ճանապարհից հանում է ազնիվ երիտասարդին։

Տիկին Աշինգերն սկսեց հարդարել անկողինը: Նա Մատիլդային խնդրեց բարձրանալ ձեղունահարկը, ուր հավանորեն պետք է լիներ Արմենիերը։

− Ես այնտեղ ոտք չեմ դնի, մինչև հարգելի պարոնը չվճարի իր պարտքը... Կտուրն էլ կաթի, ես դարձյալ չեմ բարձրանա։

Մատիլդան փայտե սանդուղքով վեր ելավ։ Դեռ սանդուղքի վրա լսեց, որ մեկը կարծես գոռգոռում էր։ Երբ մոտեցավ դռնակին, Մատիլդային թվաց, թե ներսը խոսում են անծանոթ լեզվով։ Նա դուռը բախեց։

− Դուռը բաց է,− նորից դղրդաց մի ձայն։

Աղջիկը ներս մտավ։ Ծխի մեջ նա տեսավ մի վիթխարի մարդ, որի գլուխը հասնում էր առաստաղին։ Նա առանց շապիկի էր և նրա մերկ կրծքի վրա ինչ-որ սև գծեր կային։ Մարդը ձեռքին բռնել էր երկար սուսեր։ Նկատելով աղջկան, նա թիկնոցով իսկույն ծածկեց մարմինը և երկու քայլ արեց դեպի աղջիկը։ Բայց այդ վայրկյանին Մատիլդան անկյունում նշմարեց ուրվականի պես զարհուրելի մի բան, որ գլխին ուսանողի դդակ ուներ և ատամներով բռնել էր այրվող ծխամորճը։

Մատիլդան սարսափից ճչաց, փակեց դուռը և իրեն նետեց պատշգամբ։

Տիկին Աշինգերը դուրս վազեց սենյակից։ Պատշգամբ բարձրացավ նաև կողովագործը, որ բակում կիտել էր կողովները և այդ րոպեին ուզում էր դարբասը բաց անել կողովները շալակելով տանելու համար։ Նա առաջինը նկատեց աղջկա վայր իջնելը, բայց մինչև բարձրանար, տիկին Աշինգերն արդեն գրկել էր ուշագնաց Մատիլդային։

− Ջուր, մի գավաթ ջուր,– կանչեց տանտիրուհին։

Կողովագործը ջուր բերեց։ Տանտիրուհու կանչին դուրս վազեց նաև կողովագործի կինը, նրա հետևից երկու երեխան։ Նրանք բոլորը բարձրացան պատշգամբ։