Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/630

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անում, այլ դառնում է ճգնավոր և կառուցում է Եղնախաչի մատուռը... Այնտեղ էլ ավերակի մեջ բուսել էր մի սալորենի, որ արդեն ցցաչոր էր, և ճյուղերին կապել էին գունավոր թելեր՝ չար աչքի դեմ... Նրան նույնիսկ թվաց, որ այս ավերակի ներսը բեմ կա, բեմի վրա՝ կարմիր խաչքար: Պատերի ճեղքերում պետք է լինեին հողե ճրագներ առանց ձեթի և պատերը պետք է սևացած լինեին վառած մոմերից։

Արևը հետզհետե բարձրացավ։ Գիշերվա անձրևից թաց ավազահողը տաքանալով գույնը փոխեց։ Միայն երբեմն ծառերից վայր էին ընկնում անձրևաջրի կաթիլները։ Հեռու երևում էր Դորպատը... Ահա համալսարանի սպիտակ սյուները, սուրբ Իոհանի տաճարը, աշտարակը ՍիգիզմունդՎազայի և քարե կամուրջի աղեղը։ Նավակներն իբրև սև կետեր անկարգ լողում էին գետի վրա։ Քամին քաղաքի կողմից երբեմն բերում էր այնպիսի խուլ աղմուկ, որ չէր լինում ջոկել ոչ մի ձայն։ Նա գտավ նաև Գրունշտրասսեն...

Տիկին Աշինգերի լորենիները միացել և երևում էին, ինչպես մի սև թուփ: Գուցե հենց այդ վայրկյանին տիկին Աշինգերը Մատիլդային պատմում էր լորենիների և իր հանգուցյալ ամուսնու մասին։

Նա նստեց քարի վրա։ Մի գորշ խլեզ քարի վրայով բարձրացավ վեր՝ արևի տակ տաքանալու։ Դուրս սողաց նաև մի ուրիշը և կանգ առավ աոաջինի կողքին։ Ավերակի մեռած քարերը կարծես կենդանացան։ Նա մի քանի րոպե նայեց խլեզներին, որոնց փորի տակը բաբախում էր։

Քամուց ծառերն օրորվեցին և անձրևաջրի կաթիլները վայր ընկան... Նա ետ նայեց, կարծես ծառերի մեջ մեկը ման է գալիս, խշշացնելով խոտերը։ Այդպես էր նաև գիշերը, երբ դուրսը վարար անձրև էր, իսկ տիկին Էլոիզը փոքրիկ աղջկա նման գլուխը դրել էր նրա ծնկներին և ննջում էր։ «Մի գնա, դեռ մի գնա»,— կարծես երազի մեջ աղերսում էր նա։ Իսկ ինքը հարթում էր նրա ժապավենի կարմիր փնջերը, որ այլևս նման չէին բացված վարդերի, այլ հիշեցնում էին անձրևածեծ և հողմից քրքրված կակաչներ։ «Դու նորի՞ց կգաս... Դու ինձ չե՞ս անիծի, իմ սիրելի երեխա»,– և գրկում էր նրա պարանոցը, նորից էր համբուրում, ապա սեղմվում էր նրան, կարծես սենյակում ցուրտ էր, տիկին Էլոիզը մրսում էր։ Իսկ ինքը լուռ էր... Թվում էր թե հաշմ է, ընդարմացել է և ոչինչ, ոչինչ չի հիշում։

Այդ ամենն այնպես անակնկալ եղավ... Մոմերը վառվում էին. սեղանի վրա իր տետրակներն էին և քարետախտակը։ Նկարն արտացոլում էր կապույտ աստղալույս... Ահա կգա պրոֆեսոր Գերմանը, ուրախ ձայնով կողջունի Արմենիերին, կհամբուրի տիկին Էլոիզի ճակատը, բաց կանի նրա տետրը և կբացականչի. «Ինքը, Էվկլիդեսը այսպես չէր նկարի: