Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/635

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի ուրիշ խուց, որտեղ ամբարապետ Կյուրեղ հայր-սուրբը վիթխարի քրեղանի մեջ մածնաբրդոշ է արել և թոնրի կրակով խորոված ուլի մսերը բրդոշից հետո մատներով մղանում է բերանի քարանձավը։ «Ինքյար օլանըն իմանը[1]...» և ամբարապետն ավելացնում է այնպիսի բառ, որ խցի մոնթը, որը ջրամանը ձեռքին կանգնել է,− ամոթից շրջում է երեսը: Եվ ի վերջո Խըդր օղլին լուրը տանում է ձիթհանքի քարերի վրա արևկող արած վանականներին՝ Զըպուն Բարսեղ եպիսկոպոսին, Մարտիրոս վարդապետին, որ կոչվում է «կենդանի նահատակ», տիրացու Իգնատիոսին, որ ճան է խաղում դուքանչի Դանել վարդապետի հետ, ապա գալիս են Շիրաճի Բարսեղը, ամբարապետ Կյուրեղ հայր–սուրբը և ահագին աղմուկով բոլորը ղռղռում են, բամբասում, քրքրում են նրա անունը, ինչպես ագռավները լեշի միսը...

Հետզհետե մտքի թելը բարակեց: Քնի և երազի սահմանում նորից երևաց տիկին Էլոիզը... Ինչքան չքնաղ էր նրա դեմքը կիսաստվերում... Աչքերի մեջ պղտոր փայլ կար, շրթունքները լցվել էին մուգ-կարմիր արյունով։ Երբեմն նա աչքերը փակում էր և կույրի նման շոշափում նրա գլուխը, դեմքը, կարծես ուզում էր հոգու մեջ հավիտյան դրոշմել նրա պատկերը։ Երբեմն մոտ էր պահում նրա գլուխը և նայում էր առանց աչքերը թարթելու, կարծես ասում էր. «Ի՞նչ կա քո աչքերի մեջ, սիրելի երեխա, որ գրավել է ինձ... Ասա, ի՞նչ կա...»։ Բայց նա բառ չէր արտասանում, այլ երբ այդպես մոտ նայում էր նրան, ամուր գրկում էր և երկար-երկար համբուրում...

Շոգ էր... Վանքի հարավային դարբասը փակ էր։ Ինքն իջնում էր դիվանատան նարդիվաններով: Ատենադպիր Թադե վարդապետը նրան ուղարկել էր ձեթի: Վանքի գավիթով արագ անցավ թվանքչի Թումասը... Նրա հետևից հազիվ էր հասնում կոնդեցի Սահակ եպիսկոպոսը։ Նա գնում էր և վեղարը փռփռում էր։ Նրանք մոտեցան դարբասին։ Թվանքչի Թումասը դարբասի փոքր դուռը բաց արեց, իսկ կոնդեցին ամբողջ մարմնով դուռը կալնեց։ Կարծես ուզում էր դուրս գալ և դուռը նեղ էր։ Նա ետ քաշվեց... Իրար հետևից ներս մտան վեց-յոթ օտարականներ, տարօրինակ զգեստներով։ Ապա թվանքչին բացեց մեծ դարբասը և ձիերը քաշելով ներս մտան հրացանավոր մարդիկ։ Նրանք ձիերը տարան ախոռատան կողմը, իսկ օտարականները՝ կոնդեցուն շրջապատած եկան դեպի վանք... Ինքը ձեթի ամանը ձեռքին կանգնել էր։ «Է՜յ, տանձի գող քանաքեռցի,− բղավեց կոնդեցին,– ի՞նչ ես ճանառի նման ռեխդ բաց արել... Մեռա նիզնայթ ասելով։ Արի ջուղաբը տուր է, ուսյալ անզգամ»։

  1. Ուրացողի հավատը...