Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/637

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և մտնում են դռնով։ Նրանք երկար ճանապարհ են անցել և չարչարվել են։ Ահա մեկի ճակատը փուշն արյունոտել է, այն մյուսի թշերն է չանգռել, երրորդը քրտնած հևում է... Բոլորը նայում են խելոք աչքերով։ Նրանք դեռ գալիս են, գալիս են և վերջը չի երևում... Ինչքան գալիս են, այնքան եկեղեցու պատերը հեռանում են։ Ներս մտնողները նստում են քարերի վրա և լուռ նայում են իրեն։ Ինքը թևի տակ ունի մի գիրք... Բաց է անում այդ գիրքը: Բոլոր բառերը կարմիր են, միայն իր անունն է սև թանաքով։ Կարդում է և կարդացած բառերն իսկույն չքանում են, կարծես իր շնչով այրվում են կարմիր բառերը և կայծերի նման թռնում են... Հանկարծ երեխաների միջից ոտքի է կանգնում պրոֆեսոր Պարրոտը և ձայն է տալիս. «Բարձր կարդա...»։ Եվ նա ձայնը բարձրացնում է... Բայց ինչու՞ թևը ծանրացավ և այլևս չի կարողանում շրջել էջը։ Գիրքն էլ ծանրացավ։ Մատներն այրվում են, գիրքը կարծես պղնձից է ձուլած և տաքացել է... Նա ուզում է գիրքը վայր դնել, բայց մատները ձուլվել են գրքին։ Ու մեկ էլ բռնկվեց գիրքը: Շորերի վրա կաթկթում է կարմիր պղինձը... Կաթում է և այրում... Ծուխ է... Էլ ոչ ոք չի երևում։ Ուզում է կանչել, բայց ձայնը կոկորդից չի ելնում... Նա բարձր է պահում վառվող գիրքը, որ կրակը հեռվից տեսնեն... Կապույտ ծուխի մեջ երևում է նանին... Գալիս է դանդա՜ղ, պառավ կնոջ քայլերով։ Գալիս է և հաճախ կռանում. կարծես «ծտի պաշար» է քաղում։ Նրա հետ գալիս է մի աղջիկ, զառ մանդիլը գլխին... Ինչու՞ է այդպես հագել Էլոիզը։ Եվ ո՞րտեղ է հանդիպել մորը։ Կանչում է, բայց ձայնը նրանց չի հասնում, կանչում է ոչ յուր ձայնով, այլ բարա՜կ ու քաղցր ձայնով։ Էլ չի կանչում, բայց այդ ձայները գալիս են, այդ ձայները դեռ հնչում են։

Նա աչքերը բաց արեց։ Ի՞նչ ձայներ են... Երազի մե՞ջ է, թե արթուն է... Աչքերը տրորեց և նստեց։ Իսկ այն ձայներն ահա պարզ լսվում են և հնչում են ինչպես երազի մեջ։ Նա շուրջը աչք ածեց, ապա նայեց վերև։

− Կռունկները, կռունկները...

Եվ ձեռքերը վերև պարզեց։

Կռունկների երամը գնում էր բարձրերով։ Նրանց կանչերը զրնգում էին ջինջ օդի մեջ և երկնքի յոթ կամարն արձագանքում էր այդ ձայներին։

16

Էմբախի վրա լողում էր մի նավակ:

Արմենիերը վերևից ձայն տվեց և նավավարը, որ կարծես նիրհել էր, գլուխը բարձրացրեց վեր։ Այդ ամայի ափերին նրա համար անակնկալ էր որևէ մեկին հանդիպել։ Նավակը նա մոտեցրեց ափին: