Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


խոսում, շատ քիչ էր երևում մարդամեջ։ Ասես ծերացել էր, աչքերը փոս էին ընկել։ Ճակատի կնճիռները շատացել։ Քայլելիս գլուխը կախ էր պահում, մի բան փնտրողի պես։

Երբ խոսքը Պետու վրա գար, առաջարկ էր լինում Պետուն մի չուխա տալ կամ կարպետ։

− Էն ի՞նչ ա հալը, գաղթականը նրանից լավ ա։

Բայց գյուղն իր ցավերն ուներ, Պետու մասին հոգալու ժամանակ չկար։

Ձմեռն անցավ, հալոցքի հետ Այու սարի կողերն էլ բացվեցին, Պետին էլ ժիրացավ։

Կանաչը հերվա չոր խոտի տակ ծլել էր արդեն, գետինը ձմռան ամբարած խոնավությունն էր գոլորշիացնում։ Կաթում էին կտուրները, ցեխ էլ փողոցներում, դուրեկան էր ջերմությունը գարնան արևի։

Պետին նախիրը հանդ տարավ։ Այս անգամ մահակի հետ նա հրացան էլ ուներ։

Իր օրում հրացանից չէր կրակել, նա իսկի ձեռք էլ չէր տվել։ Պետին շատ ուզեց հրացան չառնի, բայց ստիպեցին։ Վաշտապետը հերսոտեց, ոտը գետնին խփեց, Պետին էլ վախից տապ արավ, համաձայնեց։ Գյուղը վախ ուներ, թե կարող էին տավարը սարից փախցնել։

Ծիծաղում էին, երբ մի քանի ջահել սովորեցնում էին Պետուն հրացան բանեցնել։ Պետին վախվխելով ձեռք տվավ հրացանին, ձեռքը ետ քաշեց, կարծես կրակ էր, այրեց։ Եվ հրացանը մահակի պես ձեռքն առած ամեն օր նախիրը սարն էր տանում։

Իր մտքում նա ավելորդ էր համարում հրացան առնել։ Սարում նրան բոլորն էլ գիտեին, քանի ուրիշ հովիվ է եկել, միասին աղբյուրի մոտ հաց են կերել։ Պետին խոր համոզում ուներ, թե իր ճանաչը երբեք չի կրակի, տավարի չի մոտենա։

Շատ անգամ էլ, երբ հրացանի ծանրությունը նեղացնում էր նրան, գյուղից հեռանալուց հետո մի քարի տակ պահում էր հրացանը և գյուղ դառնալիս էլի հանում, ձեռքին բռնում։

Երեխաները ծիծաղում էին նրա վրա.

− Պետի, քանի՞ մարդ ես սպանել։

− Պետի, բա զորքդ ո՞ւր ա...

Երբեմն Պետուն թվում էր, թե վաշտապետը դիտմամբ է զենք տվել, որ ծաղր անեն, ծիծաղեն։ Այդ մտքից նեղանում էր, կոտրվում և քաշվամ գոմի մի անկյուն, որ մարդ չտեսնի։

Լուսաբացին, երբ Պետին աղբյուրի մոտ երեսն էր լվանամ, իսկ