Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/640

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արմենիերը երեսը շրջեց։ Գետը հետզհետե հանգստացրեց նրան... Այլևս չէին լսվում կռունկների կանչերը։ Միայն երբեմն մանր կոհակները գետի միջից երամ-երամ վազում էին դեպի ափերը և երբ ընկնում էին ավազի վրա, ավազը խուլ զնգում էր։

− Իսկ նա ուզում էր մեզ ազատություն տալ,– ինքն իրեն խոսելով մտածում էր նավավարը,− և կտար, բայց մեր թագավորը չթողեց և պրուսացին չթողեց, և անգլիացին չթողեց... Այսպես էլ մնացինք, պարոն...

− Ինձ ինչու՞ պարոն ես ասում,– սրտնեղեց Արմենիերը։

− Ինչու՞,− նավավարը դառն ժպտաց,− որովհետև այդպես է... Ամեն բանից երևում է, որ պարոնը ես չեմ:

− Ես գյուղացու որդի եմ։

− Կարող է... Այժմ ասում են այնպիսի պարոններ են դուրս եկել, որոնք ժողովրդի հետ են։ Այ հենց նրանք, որոնք Պետերբուրգում կրակեցին թագավորի վրա։ Իսկ Վարշավայում նույնը չի՞... Դպրոցի աշակերտները և պարոն ուսանողներն առաջինն են հարձակվել բերդի վրա։ Իսկ Վարշավայի բերդը, կարող եմ ասել, որ բերդ է և ոչ թե հողե ֆորտեցիա... Իսկ ժողովուրդը տեսել է, որ պարոններն իրենց հետ են, ուրեմն՝ տվե՛ք գեներալներին... Դեռ երկար կքաշի այս պատերազմը... Եվ ո՞վ է իմանում, գուցե մի բան լինի։

− Ի՞նչ ես սպասում, որ լինի։

Նավավարը շեշտակի նայեց Արմենիերին։

− Պարոն... Եվ կամ եթե այդ ձեզ հաճելի չէ՝ եղբայր, սիրելի եղբայր, այստեղ ես եմ և դու ես, վերև աստված է լսում, ներքև միայն այս խեղճ երեխան։ Եվ ուրիշ ոչ ոք չի լսում մեզ,– նա կռացավ դեպի Արմենիերը,− ինչի՞ է սպասում աղքատ գյուղացին։ Աղքատ գյուղացին սպասում է մի կտոր հողի և ազատության։ Եվ ուրիշ ոչինչ չի սպասում: Եթե նա հաղթեր, մեզ կտար և՛ հող, և՛ ազատություն։

− Ո՞վ կտար։

− Կատակ եք անում, պարոն եղբայր... Դուք ինձնից լավ գիտեք, թե ով կտար։

− Պատվովս եմ երդվում, որ չգիտեմ։ Եվ սրտեղի՞ց պետք է իմանայի։ Ութերորդ ամիսն է այս երկրռւմ եմ և ուսանում եմ միայն գիտություններ։ Իսկ այդպիսի բանի տեղյակ չեմ...

− Եվ տեղյակ չեք լինի, ձեր գրքերում չեք գտնի իմ ասածը: Իսկ ով գիրք չի կարդում, այլ ժողովրդի մեջ է, նա գիտի, թե ով կտար հող և ազատություն,– և կարճատև լռությունից հետո շարունակեց,– ֆրանսիացին կտար, ինքը Նապոլեոնը կտար... Ստոչեկում, որտեղ մեր գունդը