Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քաղաքում ուրիշ արև էր, գնդլիկ և սպիտակ երեսով մի տանտիրուհի, որ չորացնում էր գուբերի ջուրը, եղաններով ցանցում էր խոնավ խոտը, լվացքը փռել էր ցանկապատի վրա, նայում էր լվացքաջրի գոլորշու միջից և չէր թափանցում գետնափոր տնակները:

ԳՈՐԾ ՄԱՅՐԱՆԱ, ԴՍՏԵՐ ՄԿՐՏՈԻՄԻ
1

Այդ օրը Երևանի հայոց վիճակային կոնսիստորիան, որի ատենապետը թեմակալ առաջնորդի փոխանորդ Ստեփանոս արհին էր, Մսաբլուր մականունով,− քննել էր չորս գործ։

Առաջինը խոյեցի ոմն չորս աստիճան ջահընկալ տիրացու Թադեոսի «ապօրինի շաղաչարության» գործն էր «մեղավոր աղախին» այրի Աննայի հետ։ Երկրորդը վերաբերում էր Քրդևանի քահանա Տեր Ղազարին, որը բինայում մի նորածին մանուկ մկրտել էր ոչ թե սրբալույս մյուռոնով, այլ կովի արդար յուղով։ Ավելի հետաքրքիր էր երրորդ գործը՝ «հաղագս ոչ հոժարելոյ ժողովրդականաց Երևանա քաղաքի տալ զտերունի կողոպուտս ննջեցելոց յուրեանց»։

Գործը հարուցել էին քաղաքի ծխատեր քահանաները, որոնք Երևանի բնակիչներից պահանջում էին չխախտել «կողոպուտի» վաղեմի սովորությունը, ըստ որի մեռած մարդկանց զգեստը պատկանում էր թաղող քահանային։ Երևանցիների այդ նոր սովորությունը քահանաները համարում էին նաև սրբապղծություն, հիշեցնելով, որ ինքը՝ Քրիստոս թաղվել է բոլորովին մերկ։ Այդ «գործի» մեջ մինչև այժմ մնում են բնակիչների խնդրագրերը, նաև քաղաքի ավագների բանավոր գանգատները։ Ավագներից մեկը՝ մյուլքադար Սահակ Տեր-Եղիազարովը հայտնել է, որ իրենք ամաչում են ցույց տալ ննջեցյալների մերկությունը, մանավանդ, երբ մեռածը իգական սեռի է։ Հոգևոր ատյանի անդամներին նա հիշեցրել է, որ «այլազգիները» լկտիաբար ծիծաղում են, երբ քամին շպրտում է դիակի մահվան սավանը։ Մյուսը՝ ուստաբաշի («պարագլուխ արհեստավորաց») Սաղաթել Իսկանդարովը հայտնել է, որ իրենք մեռելներին թաղում են նոր զգեստով, իսկ հները նվիրում են աղքատներին և կամ մահացածի մերձավորներին։ Վիճակային կոնսիստորիան դժվարանալով կամ չկամենալով վճիռ արձակել, գործը մատուցանում է ի վերջնական տնօրինություն «առ ոտս նորին ամենաբարձր վեհափառության առաքելաշավիղ եպիսկոպոսապետ և պատվական հայրապետ ամենայն հայոց Տեառն Ներսեսի ամենաիմաստ կաթողիկոսի»։

Չորրորդ գործը ժամանակի նշանավոր գործերից է և հայտնի է «Գործ Մայրանա, դստեր Մկրտումի» անունով։ Ստույգ է, որ դեռ 1838 թվի օրագրությունների մեջ հիշատակվում է այդ պատմությունը, որի բուն սկիզբը պիտի ընդունել 1829 թվի ձմեռը, Մայրանի ամուսնության գիշերը:

Գործի բովանդակությունը հետևյալն է։

1829 թվի ձմեռը քանաքեռցի այրի Եղսանը իր դուստր Մայրանին տասը՝ տարեկան հասակում («ի 10-րդ հասակի») բռնությամբ ամուսնացնում է երևանաբնակ ոմն Նիկողայոս Սուքիասովի հետ։ Պսակի գիշերը՝