Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկեղեցում, ինչպես հայտնի է առաջին քննությունից, Մայրանը պսակող քահանային չի տալիս իր համաձայնությունը։ Ըստ Մայրանի ցուցմունքի, քահանան բռնադատում է նրան համաձայնության ու մինչև իսկ փայտով ծեծում է Մայրանին («գանեաց զնա փայտիվ»)։ Վկաներից մեկը պատմում է, որ Մայրանը եկեղեցում աղաղակ չի բարձրացրել, իսկ եթե նա գլխի նշանով է հայտնել իր անհամաձայնությունը, ապա ինքը չի տեսել, քանի որ հարսի երեսը ծածկված էր քողով, և նա կանգնած էր՝ երեսը դեպի պսակող քահանան։ Ինքը՝ փեսան, Նիկողայոս Սուքիասովը հայտնել է, որ Մայրանը սուրբ սեղանի առաջ անհամաձայնություն չի հայտնել, այլ թե պսակող քահանան տեսնելով, որ աղջիկը չի կամենում խոնարհել գլուխը, բռնությամբ խոնարհեցրել է։

Պսակից հետո, երբ նրանք մտնում են ամուսնության առագաստը, Մայրանը փախչում է և մի քանի օր թաքնվում ձյունի տակ («տարիքի անկատարելության պատճառով չկարողանալով դիմադրել յուր ամուսնու՝ Սուքիասովի արական զորության,− երբ նրանք մտել էին ամուսնության առագաստը,− Մայրանը փախչում է և թաքնվում է ձյունի տակ»)։ Վկաներից երեքը՝ Քանաքեռի տանուտեր Վիրաբը, Հարություն Աբովը և մի ուրիշը, որոնք կանչված են եղել հարսանիքի «վասն հացակերության»,− առանձին խնդրագրով վկայել են, որ Մայրանն այն ժամանակ չէր հասկանում, թե ինչ է ամուսնական կյանքը, և այդ գիշեր «աղջիկը դարձավ լալ և անդամալոյծ երկար ժամանակ և ետ առողջանալոյն ոչ գնաց առ այրն»։ Եվ այդպես նրանք բնակվում են «անսեր և անջատ ի մի միանս»։ Մայրանի երկարատև հիվանդության փաստը չի հերքել և ինքը՝ Նիկողայոս Սուքիասովր, որը երեք տարուց հետո Զեյվա գյուղում գտնում է մի այրի կին՝ դարձյալ Մայրան անունով և «մտանելով ընդ նմա յամուսնութիւն», այդ անպսակ և ապօրինի հաղորդակցությունից ունենում է երկու զավակ։ Այդ ժամանակ մահանում է Մայրանի մայրը՝ Եղսանը և աղջիկն այդ օրվանից դառնում է կատարյալ որբ։

Հոգևոր ատյանը աներկբա է համարում, որ Մայրանին անկատար հասակում ամուսնացրել են բռնի և հակառակ սեփական ցանկության։ Ինչ վերաբերում է պսակող քահանայի գանահարության փաստին, անհավատալի չհամարելով աղջկա ցուցմունքը, ատյանը կարծում է, որ Մայրանը ամոթխած եղանակով է հայտնել իր անհամաձայնությունը, և պսակող քահանան, չնշմարելով այդ, բռնությամբ առ իրար է խոնարհեցրել նրանց գլուխները։ Ատյանը հաստատում է նաև Մայրանի երկարատև հիվանդության փաստը, և այն, որ Նիկողայոս Սուքիասովը տեսնելով, որ իր օրինավոր կին Մայրանը բազմադիմի հնարներից հետո չի համաձայնվում կենակցության, Զեյվա գյուղում ամուսնանալու մտադրությամբ «բնակություն» է սկսում նրա վրա սիրահարված այրի Մայրանի հետ, առանց պսակի և առանց հոգևոր կառավարության թույլտվության։

Կոնսիստորիայի վճիռը, ինչպես ընդունված էր այն ժամանակ, գրված է չափազանց ընդարձակ և մանրամասն։ Յուրաքանչյուր կետ հաստատված է եկեղեցական և արքունի օրենքների ճշգրիտ հիշատակությամբ։ Օրինակ, սուրբ Սահակ Հայրապետի սահմանած 27-րդ հոդվածը պատվիրում է ամուսնություն չանել՝ մինչև միմյանց հաճությամբ