Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/646

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապականված էին եկեղեցին և նրա մարդիկ։ Ոտքից մինչև գլուխ ախտավոր էր և մարմնավոր իշխանությունը։ Արքունի և հոգևոր օրենքները գոյություն ունեին այդ ապականությունն անխախտ պահելու։ Անլեզու մշակների բազմությունը հեծում էր ահռելի ծանրության տակ և հազարները սուզվում էին դեպի չքավորության հատակը։ Երկրի և մարդկանց վրա հետզհետե թանձրանում էր ասիական խավարը, որի մեջ, ինչպես վկայել է մի տաղանդավոր ժամանակակից, հազիվ խլրտում էին առաքինության կրակները։

2

Քանաքեռցիներն Աբու Հայաթի մոտով բարձրանում էին դեպի գյուղը: Նրանց հետևում էր մի մանկամարդ կին, փաթաթված սպիտակ չարսավի մեջ։ Ամայի էին այգիները և բարակ ճանապարհը, որով գնում էին։ Այդ ամայության մեջ չարսավով կինը նման էր սրածայր գերեզմանաքարի, որը պոկվել էր մահմեդականների հանգստարանից և գնում էր գյուղի վրա։ Ավելի մոտ թվում էր, թե սպիտակ գերեզմանաքար չի շարժվում, այլ գերեզմանից դուրս է եկել մի թարմ դիակ, որին հենց նոր փաթաթել էին սպիտակ քաթանի մեջ և իջեցրել մոռացության խորքը:

Վերադառնում էին բոլոր քանաքեռցիները, բացի Հարություն Աբովը, որը նույն ժամին Ձորագյուղի կողմից իջնում էր Չարսուի վրա։ Նա քայլում էր նեղ փողոցներով, որոնց երկու կողմը կավե ցածր և կիսախարխուլ պատեր էին, կիսով չափ գետնի մեջ ցածր դռնակներով, որ համարյա միշտ փակ էին։ Պատերի հետևից մարդաձայն չէր լսվում, կարծես ամայի էին տները, որոնց բնակիչները հեռացել էին ով գիտե որտեղ։ Տասնհինգ տարի էր ռուսները գրավել էին Երևանը և միայն Շհարի մահլայում էին կառուցել քարաշեն երկու տուն և մի զորանոց՝ ոչ հեռու Սարդարի ջավահիր ամարաթից։ Չարսուն և մանավանդ խուլ թաղերը ավելի էին խարխուլ, որովհետև բնակիչները դժվար էին բարձրացնում այն աղյուսը, որ հին կամարներից ընկնում էր ժամանակի հետ։ Շատ տներ ավերվել էին ռուս-պարսկական պատերազմին, մի մասն անմարդաբնակ էր, որովհետև նրանց տերերը ահից փախել էին և օտարության մեջ հիշում էին իրենց հին բակի ուռիները։ Մնացողները ևս չէին նորոգում իրենց տները. կյանքի թանկության հետ միասին ժամանակն առհասարակ անհանգիստ էր։ Ոմանք ակնկալում էին սարդարների վերադարձը, իսկ ոմանց համար կյանքը դառնության հին լուծն էր, որ պիտի մաշվեր այդ լուծը քաշողի պարանոցի հետ։

Փողոցների կեղտոտ լճակներից բարձրանում էր գարշահոտություն։ Շատ թաղերում կիսավեր էին առուները և այլևս չէին ծաղկում բախչաները։ Չկային և պարսիկ միրաբները, որոնք ջուրը, իբրև կենարար դեղ, բաշխում էին մինչև վերջին կաթիլը։ Կանաչ էին միայն հին բարդիները և չինարները, որոնք անտերությունից ավելի փարթամացել և վայրենացել էին, երբեմնի մշակված պարտեզները դարձնելով մութ անտառ։