Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/648

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տղայով, որին քանի անգամ ուսերի վրա Ապրանքափոսի բազից տարել է տուն։ Այդ սիրելի մարդը դեռ երիտասարդ ժամանակ ամբողջ հոգով հակառակ էր Մայրանի ամուսնության։ Նա Միրզամին սպառնացել էր գլուխն առնել և այլևս չվերադառնալ Քանաքեռ, եթե մանկահասակ աղջկանը («քյորփա րեխուն») ստիպեին հարս գնալ։ Միրզամը չէր լսել նրա աղերսը և սպառնալիքը, նրան ևս համարելով դեռահաս տղա, որ դեռ չի ճաշակել դառն կարիքը: Եվ ահա կյանքը հաստատեց, որ ճշմարիտ էր ոչ թե ինքը՝ հազար չար ու բարի տեսած ալեհեր մարդը, այլ այն սիրելի տղան, որի անփորձությունն ինքը ծաղրում էր։

Առաջին հանցանքի գիտակցությունը Միրզամը մեղմացնում էր՝ շվաք անելով անպաշտպան որբի վրա։ Անարգանքի թունավոր ծովում Մայրանի համար նրա տունը միակ կղզին էր։ Միրզամը համառությամբ հետամուտ էր Մայրանի «գործին», կարծես իր խղճի վրայից սեփական մատներով քերում էր արյունոտ կեղտը։ Նա այդպիսով զգում էր հոգու թեթևություն, սակայն ոչ մի կերպ չէր դիմանում իր հարազատ մարդու հանդիմանող հայացքին։

Միրզամն ահա գնում էր մարդուն պատմելու հոգևոր ատյանի վճիռը։ Նրան մերթ թվում էր, որ այն մարդը գոհ է լինելու վճռից, մերթ կասկածում էր՝ հիշելով վճռի վերջին բառերը.

− Ի վճռահատ զննություն Սիւնհոդոսին Էջմիածնի...

Կարծես այդ բառերը գալիս էին գետնի մթին խորքերից, որտեղ հավերժական խավարն է և մեռելների երկիրը։

Գնում էր Միրզամը ծանոթ փողոցներով և ինչքան ավելի էր մտնում փողոցների լաբիրինթի խորքը, այնքան խաղաղվում էր նրա անհանգիստ միտքը։ Տների, պատերի և փողոցների դանդաղ մահը, որին ականատես էր,– նրան կարծես հաշտեցնում էր մի այլ մահվան՝ մոռացության հետ։ Երբ մտածում էր Մայրանի և այն հին ժամանակների մասին։ Նրա հիշողության մեջ բացվում էին հենց այն փողոցները, միայն շա՜տ շատ տարիներ առաջ։ Նրա միտքն ընդհատվում էր, երբ տեսնում էր հնամյա փառահեղ մի դարբաս, սակայն առանց պատերի, առանց ներսի տան և ծաղկած բախչայի։ Անցնում էր քարե կամրջակի վրայով և ջարդված քարերը վկայում էին, որ շատ վաղուց ջուր չի հոսել այդ առվակով։ Եթե այդ խուլ փողոցում նա չտեսներ մի իշապանի, որ անիծելով հրում էր իշին, պառավ թրքուհիների, որոնք պղտոր լճակում ողողում էին հին կարպետներ, կիսամերկ մանուկների, որոնք խաղում էին մոխրակույտի վրա, վերջապես եթե մի բախչայից չլսվեր թառի լացող նվագը, մի փակ դռան հետևից աղջկային մի ձայն զվարթ չքրքջար, ենթադրելով որ մարդ չի անցնում փողոցով,− եթե այդ ամենը չլիներ,