Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/650

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էհսանը սրունքները մերկ կանանց մեջ ճանաչում է իր աղջկանը և վազում է դեպի ամարաթի դուռը։ Բերդի պահակները հազիվ են փակում դարպասները, որպեսզի անդիմադրելի այդ զորությունը չխայտառակի սարդարին։

Դերվիշը նույն գիշերը փախչում է քաղաքից։ Սեյիդ Էհսանին կուրացնում և քշում են Ղազվին։ Ասում են, որ դեռ շատ տարիներ ապրել է կույր սեյիդը։ Նա դուրս է գալիս Ղազվինից և նստում հյուսիսից եկող ճանապարհի եզրին։ Երբ գալիս էր քարավանը, նա ողջունում էր քարավանի պետին և հարցնում «Իրավան շհարից»։ Եվ այդպես շատ տարիներ նա ողբացել է իր գերությունը։

Այդ պատի հետևն էր սեյիդ Էհսանի տունը և երբեմն հենց այդ քարի վրա նստում էին Միրզամի հայրը և նրա քիրվան։

...Փողոցով անցան երեք թուրքեր, որոնցից մեկը թաբաղի մեջ գլխի վրա տանում էր խոնչան։ Միրզամը լսեց, թե ինչպես նրանք ասացին իրար.

− Մեր քուչաներում ինչ գործ ունի էս հայը...

Ապա նրանցից մեկը ետ նայեց։ Նա տեսավ Միրզամի դեմքի ալեզարդ խաղաղությունը և գլուխը կրծքին կախեց։

Ծերունին վեր կացավ։

3

Դեպի Կոնդը Գյուրջի քարվանսարան էր, գդակ կարողների և մաշակարների փոքր ու միանման կրպակներով։ Դեպի հարավ՝ բերդի կողմը, խուրդավաթ վաճառողների մրջնոցն էր։ Այդտեղ էին նաև պղնձագործները, դարբիններն ու պայտարները, որոնց մուրճերի աղմուկը, քուրաների բոցը, պողպատի ու պղնձի սար զրինգը խլացնում էր Չարսուի բազմաձայն ժխորը։ Առանձին թաղ էին կազմում ներկարարները, համետ կարողները, բրուտները և կաշեգործները։ Երբ իջնում էր մառախուղը, դարբինների և պղնձագործների կրակները մառախուղների մեջ առանձին խորհրդավորություն էին տալիս մթից սևացած մարդկանց, որոնք ծանր մուրճերով կարծես գետնին էին զարկում և գվվում էր գետինը, կայծերի շատրվանով լուսավորում մառախուղը։ Արհեստանոցների մյուս թաղերն ընկղմվում էին մառախուղի մեջ։

Եվ ընդհակառակը, արև օրերին, առաջինները նման էին հրդեհից խանձված գետնափոր տների, այնինչ ներկարարների թաղում ծփում էին լաջվարդ, ալաջա, «գյուլգյազ» և այլ գույնի կտավի զոլերը։ Անխտիր բոլոր թաղերն էլ կեղտոտ էին. պայտարների առաջ աղբի և սմբակների քերվածքի դեզեր էին, կաշեգործների դիմաց մազեղեն, հում և բորբոսնած