Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավերի խորն էր. մաշակարի համար մուրազ էր խմել Չարսուի չայխանեի թեյը՝ ծաղկավոր և ոսկեկար ֆինջաններից, այն նշանավոր թեյը՝ որ ուներ վարդաջրի բուրմունքը։ Նա խմում էր առվի պղտոր ջուրը և կամ այն հասարակ թեյը, որ ինքը չայչին էր պտտացնում արհեստանոցից արհեստանոց։ Այնտեղ նստում էին Խորասանի խալիների վրա, այստեղ մաշված փոստի կամ խսրի վրա։ Այնտեղ օդը հագեցած էր չորացած մրգերի՝ հնդկական հիլի, պարսկական ղումաշ կտորների, հոտավետ թութունի, Հալեպի սապոնի, քեահրբահրի, ռահաթ լոհումի, Ջուղայի ջավզի, քաղզի բադամի և այլ տեսակի քաղցրավենիների, օծանելիքների և թանկարժեք կերպասների բույրով... նույնիսկ անօթևան շները,− որոնք ցնկնում էին տաք աղբակույտերի մեջ,− նույնիսկ շներն էին երկյուղում նշանավոր Չարսու բազարից։ Նրանք մթնով մոտենում էին նրա բարձր կամարներին, և արբեցած այն եդեմական բույրով, որ ելնում էր կողպած դարբասների ճեղքերից,− շները ոռնում էին և հուսահատությունից հաչում լուսնի վրա։

Անհայտ ճանապարհորդ Անտոնիո Ջիովանելլին, կապուցին վանական, որ ճանապարհորդել է Տրապիզոնից մինչև Պարսից ծոցը, այսպես է նկարագրում Երևանի նշանավոր շուկան. «Գլխավոր դարբասից կարող են ներս մտնել զույգ ուղտեր կողք-կողքի, եթե նույնիսկ նրանք բարձված են բեռներով։ Մի հույն ոսկերիչ, որ բազմաթիվ անգամ ճանապարհորդել է Թավրիզից Տրապիզոն և հակառակը, ինձ վկայեց, որ իբր թե դարբասի ճակատին զարդերով քանդակված է Շիր-Խոսրով շահի ֆերմանը, որով շահը սահմանել է առևտրի կանոնները։ Իսկ մի տեղացի վաճառական, որի խանութում ես եղել եմ չորս անգամ և տեսել եմ այնպիսի գորգեր, որոնք արժանի են իմ հայրենի Ֆլորենցիայի Santa Maria Novella տաճարի հատակը զարդարելու,− ինձ ասում էր, որ հույնը խաբել է և որ ճակատի զարդերը ոչինչ չեն վկայում, բացի կառուցող վարպետի շնորհքը: Ես ավելի եմ հավատում այդ տեղացի վաճառականին, որը հայ էր ազգով, քան հույնին, որովհետև ինչպես հիշատակեցի իմ ուղեգրության սկզբում, հույները ինձ նենգությամբ խաբեցին, ինչպես նենգ և խարդախ է նրանց հավատը[1]։

«Ես ականատես եմ եղել, թե ինչպես քարավաններն անվերջ մտնում էին դարբասներից ներս և նրանց բեռները գոյացնում էին բլուրներ։ Մի անգամ նույնիսկ հաշվեցի, թե քանի ուղտ եկավ մի քարավանի հետ։ Ես

  1. Տրապիզոնամ մի հույն, որի տանն էր իջել Անտոնիո Ջիովանելլին, փոխում է իտալացու մատանիի թանկարժեք քարը և տերը միայն Էրզրում հասնելուց է նկատում այդ: Ակնարկը դրա և նման պատահարների մասին է։ Ա. Բ.