Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/653

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաշվեցի մինչև չորս հարյուր տասը, բայց իմ բարեկամը խանգարեց ինձ, հայտնելով, որ իրենց երկրի սովորությունն արգելում է օտարին հաշվել ուրիշ վաճառականի քարավանի ուղտերի թիվը։

«Շուկայի ընդհանուր ձևը նման է քառակուսու, բայց ունի երեք գլխավոր դուռ, որոնք գիշեր-ցերեկ բաց են։ Մեջտեղն ընդարձակ տարածություն է, որտեղ կարող է նստել մինչև տասը հազար ուղտ և դեռ ավելի: Կան անհամար շատրվաններ և ավազաններ. բացի այդ, կան անասունների ջրի ամբարներ զանազան բարձրության, նայած անասունի վզի երկարության։ Ես չեմ կարող պատմել բոլոր հրաշալիքները, որին ականատես եմ եղել այս քաղաքում։ Այսպես, օրինակ, մի անվանի պարսիկի խանութ, որի տերը հսկում էր նաև արքունի գանձարանին,− նման էր գոհարի։ Խանութի առաստաղը գունավոր ապակի էր, իրար շատ սեղմ հագցրած։ Ապակու վրայով հոսում էր ջուրը, վերևից արևն ընկնում էր ջրի վրա և ջրի ու գունավոր ապակիների միջով հատակի գորգերի վրա նկարում էր այնպիսի տեսարաններ, որը միանգամայն կախարդական էր։ Յուրաքանչյուր ակնթարթ նրանք փոփոխվում էին և երկար նայելուց չէր զգացվում հատակը, կարծես գտնվում եք երկնքի խորքում և ձեր ոտքերը կախված են տիեզերքի վրա։

«Շատ վաճառականներ այնքան ոսկի և ակնեղեններ ունեն, որ կարող են գնել ամբողջ քաղաքներ։ Սակայն նրանք զուրկ են նախաձեռնության ոգուց։ Այդ առաքինությամբ մասամբ օժտված են հայ վաճառականները, բայց բնությունը միաժամանակ նրանց այնքան թերություններ է ընծայել, որ ընդհանուր առմամբ նրանք ավելի վատթար են, քան պարսիկները։ Հայերը ծածկամիտ են, ձևանում են թշվառ, որպեսզի իրենց գանձերը փրկեն իշխանության արթուն աչքից։ Նրանք ինձ հիշեցնում են այն միայնակ ծառը, որ բուսել է անտառի եզրին և որին առավել զայրությամբ խփում է հողմը և չար կայծակը, որին կրծում են որդերը և բզեզները, և որը ենթակա է անտառի եզրով անցնող անասունների հարձակման։ Բայց և այնպես նա մնում է, թեև անպտուղ և առանց նոր ընձյուղների»։

Անտոնիո Ջիովանելլին պատմում է սիրամարգերի և դրախտային թռչունների մասին, որոնք ազատ շրջում էին Չարսու բազարի բակում։ Նա գրում է, թե շուկայում այնքան ուտելիք կար, որ կբավարարեր քաղաքին հինգ տարի, եթե այդքան ժամանակ քաղաքը պաշարված մնար։ Նա գրում է շատ միամիտ բաներ. նկատելով գորգերով պատած մի ընդարձակ տարածություն, որտեղով անցնում էին ուղտերը, ձիերը և մարդիկ,− Ջիովանելլին աննկարագրելի վրդովվում է, որ ասիացիները շռայլությունը հասցրել են խելագարության: Նա այդպես էլ չի