Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/658

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

− Խոշ եկար, սաֆա եկար, Արթին քիրվա...

Այդպես ասաց Միր Բաղիր Իսֆահանելին, Երևանի հայտնի սարաֆներից մեկը, երբ Միրզամը կռանալով ներս մտավ նրա կրպակը։

− Ղայֆե բերեք Արթին քիրվայիս... Ինչպե՞ս ես, հալդ ավհալդ...

Միրզամը հրաժարվեց սուրճից։ Նա հարցեց սարաֆի ողջությունը։

− Ի՜նչ հալ, Արթին քիրվա... Մերը գնա՜ց. գնդակ էլ գցես չի հասնի անցածին։ Գնաց խեր բարաքյաթը...

Միրզամը բարի և միամիտ նայեց սարաֆին։ Մի՞թե նրա համար ևս ցամաքել է երբեմնի լիությունը։ Միրզամը կսկիծով հառաչեց։ Կարծես սարաֆը նրան հիշեցրեց մեռած հարազատի սիրելի անունը։ Ապա նա գրպանից հանեց մի մեծ ոսկեդրամ, որ հայտնի էր «պոլումպերիալ» անունով։ Սարաֆը ձեռքի փոքրիկ կշեռքով կշռեց դրամը և պահեց ծնկի տակը։ Նա փոխարենը համրեց արծաթե և պղնձե դրամների մի բուռ և ռուսական մի քանի ասիգնացիներ։

− Սա՛ կոտրեց մեր մեջքը, Արթին քիրվա,− և սարաֆը խշշացրեց թղթադրամը.− ի՞նչ կա սրա մեջը, ախր...

− Հեչ զատ, Միր Բաղիր, հեչ զատ...

Եվ Միրզամը հրաժեշտ տվեց հին ծանոթին։

Թելումով Սիմոնի «մաղազայում» նա գնեց սաղրի քոշեր, մի կապ քթախոտ և երեխաների համար խոշկյաբար։ Երբ նա հագնում էր նոր քոշերը, Թելումով Սիմոնը նկատեց նրա զարմանալի գեղեցիկ գուլպաները։

− Թազա փեսայի ջոբաբ ես հագել, Միրզա ամի...

Միրզամը թափ տվեց գուլպաների փոշին և ինքն էլ հիացավ. կարծես գուլպաները նոր էր տեսնում։ Եվ նորից հիշեց Մայրանին։ Առավոտյան, երբ նրանք պատրաստվում էին քաղաք գալու, երևաց Մայրանը մաշված չարսավի մեջ։ Կինը չարսավի տակից մեկնեց այդ գուլպաները և ձեռքով հասկացրեց, որ գործել է Միրզամի համար։

Ծերունին գնեց նաև մի գյուլի աղլուխ և դուրս եկավ Չարսու բազարից։ Կարծես մի ծանրություն ընկավ այդ ալեհեր երեխայի սրտից, երբ մտածեց, որ երեկոյան, երբ խոշկյաբարը կբաժանի մանուկներին, քթախոտը կտա պառավին, ծաղկավոր աղլուխն էլ կտա Մայրանին, որ ինչպես ամաչկոտ օտարական, նրանց էյվանում սպասելու է մինչև Միրզամի վերադարձը։

...Միրզամը գնում էր ճահճուտների միջով՝ այն բարակ ճանապարհով, որ Չարսու բազարից անցնում էր դեպի Շիլաչի մահլան։ Շուրջը՝