Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/661

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դպրոցի բակում արթուն էր միայն մի մարդ՝ ոմն Հովհաննես, որ յուրաքանչյուր ամիս «մի մանեթ արծաթ ստացա» նախադասության դիմաց դրոշմում էր բութ մատը։ Նա լվացել էր դասարանների հատակը, հոլանդական վառարանները և հորի մեջ դատարկում էր արտաքնոցի աղբի սայլակները, որոնք Երևանում նշանավոր նորամուծություն էին և իբրև այդպիսին՝ ծաղրի առարկա։

Հանդարտ էր նաև ներքևի ֆլիգելում։ Սենյակներից մեկում, որի պատուհանները նայում էին դեպի չինարին,– այդ ժամին մի մարդ գորգի վրա չորեքթաթ գնում էր։ Մարդը հանել էր սյուրտուկը և շտիբլետները։ Նրա մեջքին, ինչպես ձիու վրա, նստած էր կապուտաչյա մի երեխա՝ սպիտակ և կլոր երեսով։ Երեխան քաշում էր մետաքսե ղեյթանը, որ սանձի նման հագցրել էր հոր գլխին և միաժամանակ հոր երկար ծխամորճով խփում էր «ձիուն», որ պտույտ էր անում, երբեմն մեջքը ցնցում, որից երեխան զվարթ ծիծաղում էր։ Ներսի սենյակից լսվում էր կանացի ձայն և օրորոցի թրխկոց։ Մայրը կռացել էր օրորոցի վրա, օրորում էր և երգում։

Այդ մարդը արքունի դպրոցի տեսչի պաշտոնակատար Խրիստաֆոր Արտեմիչ Աբովյանովն էր, Խաչատուր Աբովյանը, իսկ երգող մայրը՝ նրա կինը՝ Էմիլիա Լոոզե-Աբովյան։

«Ձին» գլուխը դարձրեց դեպի լոյդ քարտեզները, որ ծածկում էին սենյակի մի պատը, երբ զգաց, որ հեծվորն այլևս չի քաշում սանձը: Երեխան նույնիսկ փորձեց իջնել։ Հայրը գլուխը բարձրացրեց: Դռան մոտ կանգնել էր Միրզամը. կանգնել էր և բարի ժպիտով նայում էր այդ անմեղ տեսարանին։

— Միրզա ամի,– և նա վազեց դեպի դուռը։ Ներսի սենյակից կինը գլուխը դուրս հանեց, աչքերով բարևեց, ապա փակեց դուռը, որպեսզի աղմուկ չլսվի։

Տիկին Էմիլիան արևելցիներին չէր սիրում։ Նրանք բոլորը բարձրախոս էին և չունեին հանդարտ ու խուլ ձայն, ինչպես ինքը և յուր ազգակիցները։ Գերմանուհին չէր սիրում մանավանդ ամուսնու գյուղացի բարեկամներին, որոնք նրա սենյակների մաքուր հատակին թողնում էին տրեխների փոշոտ հետքը, ծղնոտի փշրանք, իսկ ներսը՝ կծու և անախորժ հոտ, որը բարձրանում էր նրանց չուխաներից, կեղտոտ փափախներից և տրեխների հում կաշվից։ Նրանց հեռանալուց հետո քթին էր մոտեցնում վարդաջրի մեջ թաթախած թաշկինակը, իսկ սպահանցի Ասատուրը՝ նրանց տան սպասավորը, բաց էր անում պատուհանները, հատակը սրբում, մինչև «այլազգի կինարմատը» հանգստանար և այլևս