Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են մաշկը, մկանները և փնտրում ախտի բույնը, որպեսզի մաքառեն այդ ախտի դեմ։ Միրզամի առասպելախառն պատմություններն ավելի գեղեցիկ էին, քան նրա չոր զրույցը խարջի և բեգյառի մասին։ Բռնկվող խարույկի նման նրա կրակները խավարի մեջ շքեղ լույս էին տալիս և հանկարծ իջնում։ Թվում էր, թե խավարը նրան կլանեց։

Այդ օրը նա Միրզամին ոգևորությամբ պատմեց Վաշինգտոնից բերած բամբակ մաքրող առաջին մեքենայի մասին, որ տեղավորել էին բերդի պարսպի տակ և որի մոտ կանգնած էր «ղրուզինսկի 4-րդ բատալիոնի» պահակը։ Ոչ մի գյուղացի չէր մոտեցել այդ «հրաշքին», ոմանք բերդի և պահակի ահից, մեծ մասը՝ անգիտությունից և անհետաքրքրությունից։

Միրզամը ևս անտարբեր լսեց։ «Վաշինգտոն շհարի մաշինը» ոչ նրան էր վերաբերում և ոչ էլ Քանաքեռին։ Ուստի նա ոչ մի բան չհարցրեց, այլ խորհրդավորությամբ, որպես գաղտնիք, նրան հայտնեց գյուղի նշանավոր նորությունը։

− Սև Ղահրամանի տղան էս մի շաբաթ է չի երևում։ Գլուխն առել ա փախել Բայազետի կողմերը։

Սև Ղահրամանի տղան առաջինն էր, որ փախել էր Քանաքեռից, երբ քյոխվան ստացել էր խարջի «պուբլիկացիան»։ Նրան սպառնում էր կամ բերդի զնդանը կամ սովդաքյարի շղթան, որ նրան ցմահ պիտի շղթայեր պարտքի մուրհակին և այդ օղակը հետզհետե պիտի սեղմեր նրա և նրա երեխաների վիզը, քանի որ ամեն տարի նույն ձևով «ստիպմամբ խարջը պիտի տար խազնային», ինչպես պատմեց Միրզամը։

− Բա տո՞ւնը, երեխե՞քը...

− Դուռը վրաները փակել է, գնացել․․․

Նա ուսերն իրար քաշեց, կարծես ցուրտ էր և մրսում էր։ Ապա դանդաղ մոտեցավ պատին։ Նրա աչքերն աննպատակ սահեցին ծովային քարտեզի վրայով։ Նույն անտարբերությամբ թերթեց դարակի վրա ընկած դիրքը։ Մի պատահական էջի վրա կարդաց.

«Օ՜ նպատակ, բարձր նպատակ... Առ իմ բոլոր ուժերը և ցանկությունները։ Ես մոլորված շրջում եմ աշխարհում, ինչ փույթ, եթե ես չպիտի անմահանամ...»։ Նա զարմացած դարձրեց առաջին էջը՝ Հերդեր, «Lebensbild», երկրորդ հատոր...

Հետո շրջվեց և լուռ նայեց Միրզամին։ Ինչքան հեռու էր այն, որ կարդաց, հեռու, ինչքան Օստզեեի երկիրը,− որտեղ ապրել է Հերդերը,− հեռու էր Երևանից։ Այն երկիրը, որտեղ եղել է և ինքը...

− Արևը թռավ, Խաչեր... Ես գնամ, գնամ։ Մինչև հասնեմ, մութը կկոխի։

Միրզամը քոշերը հագավ։

Նրան ուղեկցեց մինչև դարբասի դուռը։ Հրաժեշտ տալուց Միրզամը նորից հիշեցրեց նամակի մասին։

− Կգրեմ, Միրզամ, էս գիշեր կգրեմ։