Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/668

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Նույն գիշեր նա կատարեց իր խոստումը։ Նա գրեց մի նամակ ամենայն հայոց կաթողիկոսին։ Բայց անհայտ է, թե ինչու, այդ նամակում նա գործածեց կոշտ ոճ և սպառնական խոսքեր։ Արդյոք նրան հուզե՞լ էր Միրզամի պատմածը, զայրացե՞լ էր Էմիլիայի դժգոհության համար, Հերդերի գի՞րքն էր պղտորել նրա մտքերը, թե՞ աչքի առաջն էր Սև Ղահրամանի տղան, որ սարսափից իրեն գցել էր Արաքսի մյուս ափը և իր անունը դարձրել ավելի ահավոր սարսափ։

«Ձերդ Բարձր Սրբազանություն

Ողորմած Տեր,

«Ահա երեք անգամ գրով և մի անգամ բերանացի խնդրամատույց եղա Ձերդ Բարձր Սրբազանության քանաքեռցի ողորմելի կին Մայրանի մասին, բայց ինչպես նկատում եմ, քանի որ այսքան ամիսների ընթացքում ոչ մի կերպ չվճռվեց այս գործը, ուրեմն և տարիները կլրանան և նույնպես կմնա անկատար։ Թողնում եմ և այն, որ իմ ամբողջ կյանքում հարկից և կարեկցությունից ստիպված միայն մի անգամ սույն օրինակ խնդրով դիմեցի Ձերդ Բարձր Սրբազանության և Ձեր միջնորդությամբ Սյունհոդոսին. բայց որովհետև չեմ գտնում ոչինչ բավարարություն այս արդար և աստվածահաճո գործի, օտարի և ոչ անձնական, ուրեմն թող ների ինձ Ձերդ Բարձր Սրբազանությունը վարվել տերության օրենքների համեմատ, ոչ իբրև Խաչատուր Ձեր որդի, այլ իբրև աստիճանավոր արքունական։ Այն ժամանակ, կարծում եմ, ինչպես և հայտնի է Ձեզ, կուսակալը և տերությունը, որոնք ինձ քաջ ճանաչում են, կհարգեն իմ արդար բողոքը և կբարեհաճեն ինձ տալ բավարարություն։ Եվ սույնօրինակ գանգատներից միայն կառաջանան անպատեհություններ սուրբ Աթոռիդ համար, որ ես չեմ կամենում և լինելով հայազգի, մի անգամ ևս պահպանելով իմ հարգությունն առ սուրբ Աթոռը, այս վերջին անգամ խնդրում եմ ժամանակ նշանակել թե երբ կվերջանա գործը և կամ միանգամայն մերժել, որպեսզի արդար իրավունքով և տերության միջոցով ազատեմ այս ողորմելի որբ և այրի կնոջը։

«Սպասելով պատասխանի, մնամ ամենայն հարգությամբ և ջերմեռանդությամբ որդի՝

Ձերդ Բարձր Սրբազանության

Խոնարհ ծառա

Խաչատուր Աբովյան»։

Նամակի լուսանցքի վրա մեկը մակագրել է՝ «Ընկալայ 17-ին մայիսի»։

Եվ ուրիշ ոչինչ։

Այս նամակի հետ վերջանում է Մայրանի պատմությունը։ Միայն շատ տարիներ հետո, մի անգամ ևս հիշատակում են Մայրանին։ Բայց այդ ժամանակ արդեն կենդանի չէին ո՛չ Միրզամը և ո՛չ նրա եղբոր որդին։

(1934)