կար եկեղեցի, ներքևի գյուղում էլ։ Շատ անգամ միաժամանակ էին բացվում ուշունցի պարկերը։ Վերևի գյուղում, պատի տակ նստոտած ալևորներից ոմանք հոնի կարմիր փայտերը մեկնում էին Միրի կողմը, հայհոյում.
− Միրն էլ շեն ա՞, վառես՝ խանձահոտ չի գա։ Մեր աղբաջրումն են նրանք խմոր հուցում...
Գուցե հենց այդ ժամանակ Միրի ալևորներն էլ էին անիծում վերի գյուղերին և ջահելների սրտում պապենական ոխը թեժ պահում։ Բայց նրանք առիթ չունեին ասելու, թե Մրոցը վառես՝ խանձահոտ չի գա, թե նրանք աղբաջրով են խմոր հուցում, որովհետև Միրում երեխան էլ գիտեր, թե գետը վերից է գալիս, անցնում է Մրոցի կողքով, սրբում գետի մոտ կիտած աղբակույտերն ու մոխրանոցները և լվանում գետի միջով անցնող կովերի, եզների, ձիերի սմբակներն ու կճղակները։ Միրի հարս ու աղջիկ այդ ավելի լավ գիտեին, դրա համար էլ լուսաբացից վազում էին գետը՝ ջուր առնելու, մինչև ջրի պղտորվելը։
Միրի երեխաներն էլ գիտեին, որ գետը վերևից է գալիս, բայց հարկավոր էր մի քիչ հասակ առնեին և հասկանային, թե ինչու իրենց ալևորները վերի գյուղի հասցեին չէին ասում.
− Վառես՝ խանձահոտ չի գա...
Մրոցն էլ այծ ու ոչխար էր պահում, Միրն էլ, բայց Մրոցում այնպիսի մարդիկ կային, որոնք ամբողջ Միրի չափ ոչխար ունեին։ Կարելի էր առավոտ կանուխ գետից ջուր վերցնելով խմել նույնպիսի մաքուր և սառը ջուր, ինչպիսին վերի գյուղն էր խմում, բայց Միրը վերի գյուղի չափ կով չէր պահում։ Երբ Միրի լղար կովերը քարերի արանքում բուսած չոր խոտերն էին պոկում, Մրոցի կովերի լիքը կուրծը թաղվում էր կանաչ խոտերի մեջ, պտուկները քսվում էին ծաղիկների թերթերին, և ծաղկափոշի էր նստում վերի գյուղի կովերի կուրծին։
Այդ մասին Միրի երեխաները պիտի իմանային, երբ չափահաս դառնային և հասկանային, որ կավե կճուճի մեջ պահած յուղի պաշարը կապ ունի սարի կանաչի հետ։ Երբ այս հասկանում էին Ծիրանի տափի մասին գյուղում խոսք ու զրույց շինելուց հետո, նրանք խլշում էին ականջները, մահակի կոթն ավելի պինդ սեղմում և մյուսների հետ վազում Ծիրանի տափը, եթե հավարն ընկներ, որ Մրոցի չոբանները ոչխարն ու տավարը քշել են ձորի կողմը։
Եվ թեկուզ ամառվա շոգին կանաչը խանձվում է, հողը ճաքճքսւմ, էլի շոգից նեղացած նախիրը ժայռի շվաքում հանգստանում է, գետի