Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սառնությունը հովացնում է նրանց մաշկը, և արևը թեքվելուց հետո, Ծիրանի տափում նախիրն էլի ուտելու մի քիչ խոտ է ճարում, այծերը՝ մացառների վրա տերև։

* * *

Ոչ ոք չէր հիշում՝ ոչ Մրոցում, ոչ էլ Միրում, թե երբ ծագեց առաջին թշնամությունը Ծիրանի տափի համար։

Եթե Մրոցին էին հարցնում, հազար ու մի պատմություն էին անում, թե իրենցն է Ծիրանի տափը, «ինջիների» ձեռքով քաշած պլան ունեն, թղթեր կան։

— Էս է, ես իմ ձեռքերով եմ էնտեղ կուրգանի քարերը սահմանի վրա շարել...

— Իմ միտս է, որ հորս ոչխարը գիշերն էլ էր Ծիրանի տափում մնում։

— Միրի սահմանը Ծիրանի տափից էլ շատ դենն ա... Էն մեր հայրական հողն ա...

Իհարկե, Մրոցը միայն այդ չէր ասում, և երեք հոգի չէին խոսում, եթե մեկը հարցներ նրանց Ծիրանի տափի մասին։ Վրա էին տալիս, իրար հրմշտկում, ամեն մեկն աշխատում էր առաջ ընկնել և չինովնիկին պատմել իր մտքինը, իր լսածը՝ հաստատելու, որ Ծիրանի տափը Մրոցինն է։ Շատերն այնքան էին հեռու գնում, այնպես էին հորինում, որ մոտին կանգնած հարևանն էլ չէր հավատում նրա ասածին, բայց լռում էր, մտքում ծիծաղում, գլխով անում, որ չինովնիկը հավատա նրա ասածին։ Չէ՞ որ խոսքը Ծիրանի տափի մասին էր, գետի ափին բուսած մացառների, գյուղի սահմաններն է՛լ ավելի լայնացնելու մասին։

Բայց վեճը շատ խոսելը և բարձր կանչելը չէր որոշում։ Չինովնիկի գնալուց հետո Մրոցում շշուկով և շատ ծածուկ իրար մեջ հավաքում էին այն գումարը, որի մասին գիշերվա կերուխումի ժամանակ ակնարկել էր քաղաքից եկած «մեծավորը» և ավելացրել.

— Ձեր օգտի համար եմ ասում, դուք գիտեք, մենակ ինձ համար չեմ ուզում։

Չինովնիկը Միր էլ էր գնում։ Ներքի գյուղն աշխատում էր ավելի ճոխ ընդունել նրան, սրա-նրա տնից հավաքում էին հարմար իրեր, մի տնից մաքուր բարձ, մյուսից՝ գյուղի միակ լավ կարպետը, տունը զարդարում, հարսերի վրա բարկանում, որ փոշի չանեն, ապա, սենյակը սարքելուց, խոնարհ գլուխ տալիս եկվորին, ներս տանում։