Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանկարծ թևին տվեց, թռավ վեր։ Երկու փետուր օրորալով վայր ընկան, աշնան դեղին տերևների նման։

Դիլան դային ափսոսանքով նայում էր արնոտ միրհավի հետևից, երբ հանկարծ, շատ մոտիկ լսվեց ոտնաձայն։ Ետ նայեց, աչքերը զարմանքից լայնացան և հրացանը բնազդմամբ ձեռքից վայր սահեց ծառի հետևը։

Անտառապահն էր, աչքերը՝ կաս-կարմիր ածուխ...

Մոտեցավ, բղավեց, և մինչև ուշքի կգար, նրա մտրակը օդը ճեզքելով չափեց Դիլան դայու ուսը, մինչև թիակների ոսկրը, մրմուռը ծակեց, ինչպես եղինջի հարվածը բաց մսերի վրա։

Անտառապահը հարվածում էր նրան և զայրանում, որ Դիլան դային փախցրել էր նրա զարկած միրհավը։

Անտառապահի որսկան շունը մեկ նայում էր տիրոջը, մեկ՝ Դիլան դայուն, մռռում էր, պոչը գետնով տալիս, մեկ բերանը բաց՝ հուզմունքից հորանջում, մեկ էլ անհանգիստ հոտոտում թփերը, որտեղ քիչ առաջ թպրտում էր արնոտ միրհավը։

Անակնկալ հանդիպումը նրան շշմեցրեց... Նրանք արդեն հեռացել էին, երբ Դիլան դային ուշքի եկավ, նայեց նրանց հետևից, մտաբերեց շան կարմիր երախը...

Դիլան դային նստեց քարի վրա։ Ցավից նրա դեմքը կծկվում էր։ Մեջքը կարծես շիկացած շամփուրներով խանձել էին, աչքի տակը հարվածից տաքացել էր։ Երկար միտք արեց Դիլան դային, աչքը միրհավի, երկու փետուրներին։ Մի անհուն դառնություն և կսկիծ ավերեց նրա չքնաղ օրը։

...Արևը խաղում էր մայրամուտի ամպերի հետ։ Անտառում լռություն էր։ Միրհավը թռել էր հեռու... Մամռոտ քարի վրա երկու փետուր էր ընկած, դեղնագույն-սև պուտերով, իսկ թփի չոր ճյուղերին՝ արյան կաթիլներ։

Դիլան դային ձորով իջավ ներքև։

Երբեմն երազ էր թվում միրհավը, բայց մտրակի տեղերը մրնջում էին, աչքի տակ ցավ էր զգում, ոտքերը թեթև դողում էին։

Սեղմել էր հրացանի տաք փողը, ինչպես միրհավի մարմինը, որին միայն մի վայրկյան շոշափեց և մատների ծայրով զգաց, որ բմբուլը փափուկ է։ Միրհավի մարմինը՝ տաք բմբուլ, Սոնայի մարմինը լաջվարդ շապիկի մեջ։

Տուն չգնաց։ Քարքարոտ արահետով իջավ այգին։ Ճռնչաց հնձանի դռնակը, ներս մտավ, մեկնվեց քարե հատակի վրա։

Երբ առավոտյան արևի շողքը հնձանի դռնակի ճեղքով փայլեց ներսում,