Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Մյուս առավոտ Մինա բիբին սովորականից կանուխ զարթնեց։ Գիշերը քունը չէր տարել։

Գիշերը երբեմն զարթնում էր, նստում տեղաշորի մեջ և ականջը սրում՝ տեսնելու, թե ով է զարթուն, ինչպես են քնել։ Մի անգամ էլ վեր կացավ, ճրագը վառեց, նայեց մեկ էլ, ասես տեսածին չէր հավատում։ Մոտեցավ և վերմակի կախ ընկած տուտը կամացուկ շտկեց։

Նա մի ուզեց ալևորին զարթեցնի, մտքինն ասի, բայց հանգ չարավ։ Ճրագը հանգցնելուց առաջ մեկ էլ նայեց, ինչ-որ բան ասաց գորովով և շուլալվեց վերմակի տակ։

Առավոտ կանուխ ջրի գնալը, կովեր կթելը Մինա բիբուն ավելի հեշտ թվաց։ Ուրախությունից ջահելացել էր, երբեմն սենյակ էր մտնում, մտքինը մոռանում, նորից դուրս գալիս։ Կամ օջախի կրակին փչելիս, երբ աչքին էր ընկնում հովանոցը կամ մի ուրիշ իր, որ բերել էր որդին,– տնտղում էր ուշադիր, էլի իր տեղը դնում։

Երբ օջախի առաջ ամաններն էր լվանում, թեյամանը կպավ ափսեին և զնգաց։ Ավան ամին նեղացավ, թե կամաց, կզարթնեն, իսկ Մինա բիբին՝

— Ձեռքս չորանա։

Ասեց և շփոթմունքից չնկատեց, որ կաթը եռաց ու սպիտակ փրփուրը թափեց մխացող աթարի վրա։

Ավան ամին սրահի առաջ կանգնել էր և ուրախ ժպիտն երեսին բարի լույս էր ասում փողոցով անցնող հարևաններին, որոնք մոտենում և աչքալույս էին տայիս։

— Փոխն էլ ձեզ լինի, ձեր ղարիբն էլ տուն գա։

Եկողին Ավան ամին մի թաս օղի էր առաջարկում ու մազա՝ չոր միրգ կամ պանիր-հաց։

Դեռ անցյալ տարի նա իր մտքում դրել էր մի եզ մորթել որդու գալու առթիվ։ Եվ երբ այդ մասին խոսք բացեց պառավի հետ ու ավելացրեց, թե չի՞ լինի, որ եզան տեղ մի չաղ ոչխար մորթի, Մինա բիբին բողոքեց։ Խոստացած մատաղը պիտի անել, հազարից մի անգամ է այդ հարկի տակ այդպիսի ուրախություն։

Հետո Ավան ամին գոմ գնաց։ Նա մոռացել էր տավարին կանուխ ապուռ տալ։ Այդ առավոտ նա իր բազուկների մեջ մի առանձին ուժ զգաց, ավելի արագ գոմն ավլեց. խոտ ու դարմանը ավելի շատ տվավ։

Նրան թվաց, թե տավարն էլ է զգում, որ տանը ազիզ մարդիկ կան։