Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԶՈՐԲԱՆ

Տունը գյուղի ծայրին է, ճանապարհի կողքին։ Եթե գյուղը ման գաք, էլ ուրիշ ներկած դարբաս չեք ճարի։ Կապույտ ներկ միայն նրա հաստ ու ամուր դարբասի վրա կա։

Եվ եթե բաց են դռները, փողոցից կարելի է տեսնել բակն ու տան սրահը։

Բակում բացօթյա մի արհեստանոց կա։ Մեծ ու փոքր մուրճեր, սղոցներ, պայտարի գործիքներ, անիվների օղեր, սռնիներ, նոր քաշած տախտակների կույտ, կլպած գերաններ, որ չորանում են արևի տակ։

Ամեն օր մի քանի բանվոր է աշխատեցնում։ Մեկը ցեխապատ անում, նոր գոմի պատերը շարում, մյուսը քար է տաշում, իսկ ինքն էլ իր որդիների հետ լուսաբացից մինչև արևմուտ աշխատում է։

Իզուր չէ, որ գյուղում եթե մեկը լավ աշխատող է, ասում են՝

− Զորբա Օսեփի ճանկն ընկնի, մի շաբաթ էլ չի դիմանա։

Ինքն էլ է աշխատում և արհեստավորին շուտշուտ ձեն տալիս.

− Հը՛, քեզ մատաղ, օրը պրծավ, հա՜, շուտ արա, էս շարքն էլ պատի, իրիկունը արաղ կտամ։

Վարձը կալին է տալու ցորենով։ Իսկ մինչ այդ եղածից բաժին է հանում։ Եթե մի ծուռ գերան իրեն պետք չի, տալիս է արհեստավորին, տանի խանգարված կտուրի գերանը փոխի։ Կալին հաշվից դուրս է գալու։

Բակի անկյունում զինվորական մի խոհանոց կա՝ կաթսան ժանգոտած, խողովակը ծուռ։

Մորեխի տարին մի փութ կորեկով է առել։ Մտքում դրել է կաթսան հարմարեցնել արաղ քաշելու, իսկ մնացած երկաթեղենը ծախել։

Խոհանոցի մոտ ընկած է երկանիվ մի սայլ, կռիվներից մնացած։ Կարգի է բերել, ներկել և գործ է ածում, երբեմն էլ քրեհով տալիս։

Տան կից պարտեզն է, գյուղի ամենալավ պարտեզը, ծառերը շարեշար, զանազան տեսակի, պատվաստած։ Միայն նրա այգում կան պասվաստած ծառեր։

Պարտեզի մոտ բանջարանոցը, որի մի անկյունում մեղուների տասներկու արկղ կա կարգով շարած։

Պարտեզն ու բանջարանոցը բարձր ցեխապատով է պարսպած, փողոցից միայն ծառի վերի ճյուղերն են երևում։

Եթե մի հիվանդ մեղր ուզի կամ ձմեռը թթու խնձոր, Օսեփի ներկած դարբասն են ծեծելու։