Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա մոռացել էր, որ գյուղում կեղտ շատ կա, սապոնով երես չեն լվանում, մի ձեռք շոր ունեն, հագնում են այնքան, մինչև հնանա, սևանա. հետո կարկատում են հազար տեղից ու նորից հագնում։

Տիգրանը կանգնել էր գոմի դռան մոտ ու նայում էր, թե ինչպես հայրը աղբով լի քթոցը շալակին, ոտները կվաջրի մեջ ճլմփացնելով ներս ու դուրս է անում, գոմը մաքրում։

նրա աչքին ընկավ հոր վզի ամուր ջիլերը, որոնք լարերի պես ձգվում էին, երբ հայրը ծանր քթոցի տակ վիզն էր երկարում։

— Գնա՛ գնա՛ տուն... նանին հիմա չայը գցած կլինի...

Տարիներ հետո, երբ քաղաքում Տիգրանը մտաբերում էր գյուղը հայրենի և հորն ալևոր, նրա աչքի առաջ կանգնում էր հայրը՝ վիզը ձգած, ջղերն ուռած՝ պինդ լարերի պես, աչքերն ավելի դուրս ընկած...

***

Առաջին օրերը հա գալիս-գնում էին հարևան ու բարեկամ։ Նրանք բոլորն էլ նույն ձևով էին արտահայտում իրենց հրճվանքը, համբուրում գյուղացու պինդ պաչով այտ ու աչք, ունք ու ճակատ։

Երբ մի անգամ էլ Անժիկին պաչեցին, նա թաշկինակով թշերը սրբեց, նոթերը կիտեց այնպես, ասես տհաճ էր գյուղացու պաչը։

Մինա բիբին նկատեց։ Նրան դուր չեկավ, որ Անժիկը սպիտակ, մաքուր թաշկինակ ունի։ Փոքրիկ աղջկան թաշկինակ չի սազում, լավ չի սովորի։

Միտք արեց Մինա բիբին տխրեց։ Նրա մտքովն անցավ, որ որդին, հարսն ու թոռը գյուղում չեն ապրելու, քաղաքին են վարժ և էլի պիտի գյուղը թողնեն, հեռանան: Իսկ ինքը կապված է գյուղին, Ավան ամուն, խնոցուն ու