Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Գոմերում տավարը նեղվում էր, օդաներում գյուղացիք խոսում էին սարի մասին, ուր մատաղ կանաչն արդեն ծլում էր։

Մյուսների պես Մինա բիբին էլ էր պատրաստվում սար գնալու։ Նա մտքում դրել էր սար գնալուց առաջ Անժիկի հետ մատուռ գնալ։ Նրա կրծքի տակ, որպես մի թույլ կանթեղ, վառվում էր Անժիկին աղոթել սովորեցնելու ցանկությունը։

Ինչո՞ւ ծնվեց նրա մեջ այդ ցանկությունը.—ինքն էլ չգիտեր։ Պառավն ուզում էր կապել նրանց գյուղի հետ, Անժիկին դարձնել գյուղի մի խոնարհ աղջիկ և տարիների ընթացքում արմատախիլ անել այն ամենը, ինչ քաղաքն է տվել։

Ի՜նչ լավ կլիներ, եթե նրանք գյուղում մնային։ Իսկ Տիգրանը միշտ ասում էր, թե շուտով պիտի վերադառնան քաղաք, արձակուրդը լրանում է։ Արդյոք մեկ էլ կգա՞ն գյուղ, ինքը ողջ կմնա մինչ այդ։

***

Գարնան մի գեղեցիկ առավոտ, երբ ամեն ինչ աշխույժ և դուրեկան է թվում, երբ մարդ ամենից քիչ է մտածում առօրյա հոգսերի մասին և իրեն ավելի մոտ զգում բնության, գարնան այդպիսի մի առավոտ Անժիկն ու Մինա բիբին գնացին դեպի ձորակ։ Տանը Մինա բիբին չէր ասել, թե մատուռ են գնում։ Նա վախենում էր, որ Տիգրանն արգելի Անժիկին։

Երբ դուրս եկան գյուղից, Մինա բիբին սկսեց Անժիկին պատմել, որ ինքը պառավ է, շուտով կարող է մեռնի։ Տատի տարօրինակ այդ պատմությունը, որ նպատակ ուներ երկյուղած տրամադրություն ստեղծել թոռան սրտում, վատ ազդեց երեխայի վրա։ Նա չգիտեր ինչ ասի և վարանքով նայում էր մոռի թփերին, որ մուգ կանաչին էին տալիս ճամփի երկու կողքին։

Հասան մատուռին։ Կիսախարխուլ մի շենք էր, ավելի