Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
«Խ Ա Ղ Լ Ա Ց Ա Վ»

Տարօրինակ թվաց զուռնայի կանչը զիլ և դհոլի աղմուկն ընդհատ աշնան արևոտ ցերեկին, բլրի լանջին արևկող արած գյուղում։

Հարսանիք չէր, և ոչ կերուխում կամ կնունք։ Այդպես չի փչում զուռնան ուռած թշերով, մի աչքը միշտ կիսախուփ զուռնաչին, երբ պարն է զլում, թնդում։

Առաջին պահ դժվար էր որոշել, թե որ գետնափոր խրճիթումն են նվազում։ Երբ զարմացած հարցմունք արի ծանոթ գեղականից, նախ, չուզեց ասի, ապա մատը դիմացի տանն ուղղեց և ասաց.

− Տասն օր ա էսպես խաղում ա, գիշեր-ցերեկ...

10 Դիմացի տունը՝ կտուրը խոնարհած, մի քիչ թեք ընկած տուն էր, կտրին աթարի դեզ՝ շիշ փափախի պես, դեզի մոտ դեղին դդումի մի շարք։ Փողոցին նայող միակ պատուհանը ներսից շորով էր ծածկած։

Զուռնան նվագում էր ներսում, դմբում էր դհոլը, ինչ-որ մարդիկ ոտքերը գետնով էին տալիս սենյակի սալաքարերին։ Փակ էր դուռը տան, բակում օքմին չէր երևում։ Եվ եթե մեկն անցնում էր փողոցով, շորով ծածկած պատուհանի առաջ չէր կանգնում, զուռնայի նվագը չէր լսում, այլ արագաքայլ էր անում։

Եվ՝ ծանոթ գեղականն իմ հեռացավ մի քիչ, նստեց փողոցում ընկած գերանի վրա, շփեց ճակատն ու ասաց, թե՝