Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաշած կաշուն։ Ինչքան ուժ ունեն, փչում են զուռնան, դհոլին կոպալները կարկտի պես են վեր թափում։

Հիվանդը ցնցվում է ցավից, հնչյուններից անախորժ, ոտքի է ելնում և նորից սկսում պարել։ Այդ ժամանակ է, որ ներս են մտնում երկու ուժեղ տղամարդ, և սկսվում է «խաղալու ցավի» զարհուրելին։

Հիվանդին գետնով են տալիս, ոտնահարում, փափուկ մսից քաշում, թևերից բռնում, ձգում, հրում մի պատից մյուսը, աքացի տալիս, երակներից բռնում քաշում, մատները կոտրատում...

− Սաղ մարդը մի սհաթ էլ չի դիմանա էդ չարչարանքին,−ասում էր ծանոթ 10 գեղականն իմ։ Իրեն էլ են կանչել, մի անգամ էլ ինքն է գնացել մարմինը ջարդելու։

− Էն մեջքի ճիլերից որ քաշում էի, ասում էի, թե հրես միսը պտի պոկվի... Ամա իրեն ցավ չի թվում...

Եվ ձեռքի բութն ու ցուցամատը կեռացրեց այնպես, ասես ցինի կտուց լինի։

* * *

Շատերից եմ հարցրել «խաղալու ցավի» մասին։ Բոլորն էլ նույնն են ասում։ Հիվանդին ջարդում են, տղամարդիկ աքացի են տալիս, կռները կոտրատում են, մարմինը կապտում է, արյուն է գալիս, բայց իբրև թե հիվանդը ծպուտ չի 20 հանում, «դուր է գալիս»։

Բեզարում են տղամարդիկ, հոգնում են կռները, քրտնում են սենյակի կիսամութում, ուր շնչելու էլ օդ չկա, որովհետև դուռ և պատուհան պինդ ծածկած է։ Հոգնածին ուրիշ զույգ է փոխարինում, զուռնան էլի զլում է, վարձկան կանայք անկյունի մթում ձեն-ձենի են տալիս, լալիս, երեսները չանգռտում, իսկ հիվանդը պարում է, կամ տղամարդիկ գլորում են նրան, գետնով քարշ տալիս և միշտ աշխատում «որդը որսալ»։

Այդպես օրեր են տևում, գիշեր-ցերեկ անընդհատ, մինչև հիվանդը կամ լավանում է, կամ մեռնում։ Պարից