Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


չկարողացա իմանալ հեգնում է, թե՞ համոզված է, որ «էստեղ բժշկվում ա»...

«Խաղալու ցավով մեծ մասամբ կանայք են բռնվում, քիչ դեպքում՝ տղամարդիկ։ Այդ օրվա հիվանդն իր երկու որդուն զոհ էր տվել մի դժբախտ պատահարի, ցավից դարձել մտազբաղ, շատացել է հոգսը, և «որդը սրտում բուն ա դրել»։

— Ինքը ջահել ա, համա որ տեսնես, էն ճիպոտը քեզ օրինակ։ Մաշվա՜ծ, դեղնա՜ծ, սերկևիլի կճեպ։

Հարցրի նրան, թե ինչպես է հիվանդը դիմանում այդքան անասելի չարչարանքի, ինչպես է, որ շունչը չի տալիս։

— Տվող էլ ա լինում, առանց էդ չի... Դուր ա գալիս զուռնի հավեն, զուռնի ձենը ոսկորի մեջ ա մտնում, ոնց որ ջուրը պլտում ա, ինքն էլ էդ ցավից թռնում ա։

Իբր թե հենց առաջին օրը հիվանդը ջոկվում է։ Եթե զուռնի նվագը նրան դուր է գալիս, լալկան կանայք իրենց սուգով, երգերով կարողանում են նրա աչքից արցունք քամել, եթե խաղը կռներն է ընկնում, ուրեմն նա «խաղլացավ» ունի, պառավները ճիշտ դիագնոզ են դրել, զուռնաչուն և կռները կոտրատող տղամարդկանց է մնում բժշկել:

Հիվանդին ուտելիք քիչ են տալիս. մի կտոր չոր հաց, մի գավաթ ջուր:

— Պետք ա սոված մնա, որ էն «որդը» դուրս գա։

Առաջ «խաղլացավը» ավելի խայտառակ միջոցով են բժշկել։ Եղել է զուռնան, անվերջ քաշկռտուքը, կանանց շիվանը, բայց մխացող աթարն էլ է եղել, շան չորացած կղկղանքը մխացող աթարի վրա։

Ուշաթափ հիվանդը պառկելիս է եղել վերմակի տակ, գլուխը ծածկել են վերմակով և մխացող աթարը՝ որպես բուրվառ, վրան կնդրուկ՝ կղկղանք, վերմակի տակ դրել կնոջ քթի առաջ, մինչև շնչահեղձ, թունավորված հիվանդը ջղային ցնցումներ է արել, վերմակը դեն շպրտել, ծառս եղել, որպեսզի զուռնի տակ պարի երիցս նզովված «ջազ-բանդ».․