Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հիմա մխացող աթարը մոռացված է, բայց խաղալը մնում է, օր ու գիշեր, զուռնով, դհոլով, կիսամութ սենյակում, քաղցած, հյուծված հիվանդի խելագար ցատկումներով «խաղլացավը» մնում է դեռ մեր խուլ, յոթը սարի ետևում պահված գյուղերում, որպես «հայվանի ադաթ»։

− Էսօր տասներկու օր ա խաղում ա... Երեք դաստա սազանդար են կանչել, հլա «որդը» շարժվում ա...

Վեր կացանք, ծանոթ գեղականիս հետ անցանք շորով ծածկած պատուհանի առաջ։ Սենյակից լսվում էր զուոնի ձայնը միալա՜ր, ձանձրալի, դմբում էր դհոլը և անկարգ, մերթ թույլ, մերթ ուժեղ ոտնաձայներ էին լսվում սենյակից, ասես 10 դագանակով խփում էին հատակի սալ-քարերին...