Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տալիս է արհեստավորին, տանի խանգարված կտուրի գերանը փոխի։ Կալին հաշվիր դուրս է գալու։

Բակի անկյունում զինվորական մի խոհանոց կա՝ կաթսան ժանգոտած, խողովակը ծուռ։

Մորեխի տարին մի փութ կորեկով է առել։ Մտքում դրել է կաթսան հարմարեցնել արաղ քաշելու, իսկ մնացած երկաթեղենը ծախել։

Խոհանոցի մոտ ընկած է երկանիվ մի սայլ, կռիվներից մնացած։ Կարգի է բերել, ներկել և գործ է ածում, երբեմն էլ քրեհով տալիս։

Տան կից պարտեզն է, գյուղի ամենալավ պարտեզը, ծառերը շարեշար, զանազան տեսակի, պատվաստած։ Միայն նրա այգում կան պատվաստած ծառեր։

Պարտեզի մոտ բանջարանոցը, որի մի անկյունում մեղուների տասներկու արկղ կա կարգով շարած։

Պարտեզն ու բանջարանոցը բարձր ցեխապատով է պարսպած, փողոցից միայն ծառի վերի ճյուղերն են երևում ։

Եթե մի հիվանդ մեղր ուզի կամ ձմեռը թթու խնձոր, Օսեփի ներկած դարպասն են ծեծելու։

— Չկա,— կասի,— ի՜նչ էր, մի քանի խնձոր,— կամ,— ճանճը էս տարի օգուտ չտվավ,— և եթե լավ գին տաս, — սպասիր տեսնեմ,— կասի և մառանը կիջնի։

Ընդարձակ բակն ընկած է տան առաջ, որ չորս լուսավոր սենյակ ունի, փեղկերով, ապակած։ Սենյակներում գորգ ու կարպետ կա, պատերին՝ խալի, երկու լավ մահճակալ, սպիտակ պղնձից ինքնաեռ, ափսեներ ու բաժակներ։

Օսեփն առաջ խանութպան էր, գյուղումն էր առուծախս անում։

Այն ժամանակից է պահել և պատերազմի տարիներում խալին ու սանդուղները լի պինդ թաքցրել մառանի մի անկյունում։

Խաղաղության հետ ամեն տարի նրա տունը լցվում է, պահածը դուրս է հանում և ավելացնում անընդհատ։