Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գյուղում նրան «քոռ գայլ» են ասում: Եվ եթե խոսքը վեր է գալիս Օսեփի վրա, մի ջահել վրա է բերում.

— Նրա ամբարում հլա ինչե՜ր կա...

***

Իսկ իրեն որ նայես, բամփես՝ տզի պես գետնին կփակչի, լղար՝ դարմանով պահած ձիու պես, այտոսկրները դուրս ընկած, կարճահասակ, կուղը մի քիչ դուրս ընկած։ Նայում ես դեմքին, ասես որդ կերած կարտոշկա լինի, աչքերը փոքրիկ, բզով ծակած, ունքերը կատարյալ բեղ, փափախի մազերից չի ջոկվում։

Բայց զորբա է։ Չորս ձի ունի, սեփական գութան, որ նոր է առել։ Եթե ուզենա, գութանը մենակ լծելու չափ եզներ ունի… բայց մենակ չի լծում։ Հարաքաշ է անում, եզանը մի ջուխտն էլ գոմում պահում։

Ձեռքից եկածը չի խնայում։ Ձեռքափող է տալիս, տոկոս առնում կամ գարնան սերմացու տալիս, կալին մեկին երկու ստանում։ Եթե գյուղում մեկը որոշում է մի ոչխար մորթել միսը ծախելու, և եթե մենակ ուժը չի պատում, Օսեփը միշտ ընկերանում է, աժան պատահած ոչխարն առնում և մորթում։

Ականջին է հասնում, որ գյուղում մեկը ծախու գերան ունի կամ քարն է ծախում, ուժ չունի նոր շենք շինելու, Օսեփը աչքերը ճպճպացնելով գլխին կանգնած է, գինը նաղդ է տալիս:

Ինչպես էլ գիտե՜ հարևանի թույլ կողմը։ Մի ուռի տեսնի, կկանգնի, աչքի պոչով կնայի, մտքում կհաշվի, թե քանի տախտակ դուրս կգա, և ծառի տիրոջ տեսնելիս կասի.

— Էն մարագիս մի գերան ա պակաս, ծառդ ծախիր առնեմ։

Ծառը դեռ արմատի վրա Օսեփի սեփականն է, մի տարի էլ կմնա, երկու տարի էլ, ոչինչ, ավելի է հաստանում։