Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կաշի է ծախում։ Ձմեռն էլ աղվեսի մորթի հավաքում, ծախում քաղաքում։

Զորբան հին ադաթի փեշից այնքան էլ կախված չի։ Օսեփը առաջ էլ եկեղեցի չէր գնում։

Եվ եթե գյուղի կոմսոմոլն ընդունի, նա իր տղաներից մեկին կգրի նրանց շարքերում։

— Մենակ նալոգն ա, որ դժար ա, չենք դիմանում։

Տուրքն է և տուրքի հետ կապված մի շարք խնդիրներ, որ ինչքան էլ զորբան գլխին զոռ է տալիս, չի հասկանում, թե ինչու է այդպես։ Եվ իր մտքում որոշել է, թե՝—միջի մարդն է խառնակիչ։

Քաղաքից գալիս են շնչագրելու, պպրանքի և հողի ցուցակ անելու։ Օսեփն իրեն խեղճ է ցույց տալիս, նվազած ձայնով ասում.

— Ունեմ, կա, ինչու, ապրի էս կառավարությունը։

Եվ եթե վիճակագիրը մեկ-մեկ հարցնում է' ձի, եզ, կով, Օսեփը, նախ կմկմում է և պակաս գրել տալիս' մի ձի, երկու էշ։

Բայց հետո տեսնում է, որ հարկաթերթի մեջ իր ասածը չեն գրել, այլ այն, ինչ ունի։ Դրա համար էլ ասում է, թե միջի մարդն է խառնակիչ։

Եթե ջահելները ժողովի ժամանակ նեղացնում են և ասում, թե՝

— Օսեփ ապեր, ունես տուր,— Օսեփը չարանում է, ձայնը երկինք բարձրացնում և սկսում պատմել այն, ինչ հազար անգամ ասել է և լսողն էլ հազար անգամ իմացել, որ սուտ է ասում։

Ի՞նչ է ասում։

Որ աղքատը ծույլ է, ինքը օրնիբուն աշխատել է, որ խանութն իրեն օգուտ չի տվել, որ զուր են կարծում, թե ունևոր է, և վերջում էլ ասում.

— Մի սաղ գեղի չափ հարկ եմ տալիս կառավարության, էլ ի՞նչ եք ուզում։

Եթե այդ չասի, պիտի ասի, որ մի քանի աղքատ տուն է պահում, իր արևի տակ են ապրում։