Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առակներով իր մտքինը ասել, ուզածն իմանալ։ Եթե քաշվում է հարց տալ, մի ուրիշին է խնդրում, որ իմանա։

Եվ ամեն ժողովի, երբ խոսք է բացվում հարկի մասին, նա միշտ նույնն է ասում. — Աղքատից էլ հարկ առեք, թող մի աբասի լինի, միայն առեք։

Առեք, ասում է, որովհետև աղքատը հարկ չտալով` ծուլության է վարժվում, ամեն տեղ նրա խնդիրն առաջ են ընդունում։

Այդ յուրահատուկ տեսություն է նրա համար, որի ճշմարիտ լինելուն Օսեփը երբեք չի կասկածում։

Աղքատը դատարանին խնդիր տալիս դրոշմատուրք չի վճարում։ Դրա համար էլ աղքատները դատարանին շատ են դիմում և ճնշում ունևորին։

Կամ թե աղքատ գյուղացին համոզված է, որ կառավարությունը հարուստից առնելու է իրեն տա, դրա համար էլ չի ուզում հարստանալ, սեփական տնտեսություն ստեղծել։ Մի խոսքով՝ մի ամբողջ տեսություն իր գործնական միակ առաջարկով, որ անում է Օսեփը ամեն ժողովի, երբ հարկի մասին խոսք է լինում։

— Մի աբասի էլ աղքատից առեք։

Մի անգամ էլ խորհրդի նախագահին Օսեփն առաջարկել էր դիմում տալ կառավարության և իրավունք խնդրել գյուղի հարկը գյուղում բաժանելու:

— Հարյուր մանեթ չեն ուզում գյուղի՞ց, թող երկու հարյուր մանեթ ուզեն, մենակ թե մեզ ասեն էդ երկու հարյուր մանեթը դուք ձեր մեջ փայ արեք:

Գյուղխորհրդի նախագահը ծիծաղել էր.

— Ուրիշ տեղ չասես, Օսեփ ապեր, թե չէ կբռնեն քեզ։

Եվ մինչև հիմա ուրիշ տեղ չի ասել, բայց մտքից էլ չի հանել։