Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Օ Ր Ա Ն Ջ Ի Ա

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը, և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզները չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

— Մանաս, ինչո՞ւ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շուտ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։ Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը