Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

— Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա, էլի՜, որ զոռ ես անում,— ասաց Մանասը,— Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքել...

— Մանաս, իմացիր առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ո՞ւմ լակոտն ես։

Եվ ա՛ռ հա մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով: Իրար անցան, աղմուկ, աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։

Լսեցին, տեսան, բայց ծպտուն չհանեցին։ Վախենում էին Առաքելից. շշուկով պատմում էին, որ Առաքելը «ջանդարմի» հետ կապ ունի, գյուղում լրտեսություն է անում, մեծամեծ չինովնիկների աջ ձեռքն է։

Երբ Առաքելը հեռացավ, մի ծերունի շշուկով ասաց հարևանին.

— Առաքելը մատնիչ ա, հերն էլ էր էդպես, հորն ա քաշել։

***

Երկու տան մեջ թշնամությունը հնուց կար: Ձորակում շինվող տունը սուր փշի պես Առաքելի աչքը մտավ։ Իր այգու ցանկապատի արանքից երբեմն նայում էր տան պատերին, Մանասին, որ գլուխը շոր փաթաթած, վարպետին քար ու կիր էր տալիս։

Նայում էր Առաքելը ցանկապատի ետևից և ափսոսում, որ դագանակի ծայրը Մանասի ականջատակին չկպավ։ Բարձրանում էին տան պատերը, և պատերի հետ Առաքելի սրտում զայրույթն էր ծառս լինում, սանձարձակ ձիու պես։ Փափախի տակ մտքերը որդեր էին, լեշի վրա վխտացող զազիր որդեր։