Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գնաց իր ծանոթ պրիստավի մոտ, նրա համար յուղ ու մեղր տարավ, պրիստավի տղի համար զատկին ճակատը ներկած գառ տարավ:

— Մանաս, տապ արա, Առաքելը պրիստավի տունը ջրի ճամփա է շինել:

Բայց Մանասի ջրաղացն էլի հերվա աղունն էր աղում։

— Հենց գիտեք, թե պրիստավից էլ մեծ մարդ չկա՞, իրա, եներալի դուռը կգնամ...

Առաքելը գնաց եկավ։ Օրանջիայի ձորակով գլուխը կախ անցավ, նոթերը կիտած։ Ոխ ուներ սրտում, աչքն էլ ուրիշ բան չէր տեսնում։

Մանասը տուն շինեց, կտուրը ծածկեց փայտով, չոր ցախով, կինն ու երեխան էլ հայրական հին տնից հանեց և արահետով անցավ, տեղավորվեց նոր տան մեջ։

Ասում են, որ հենց այդ օրերին պրիստավն իր մոտ է կանչում գյուղի մի քանի ազդեցիկ մարդկանց և մատը թափ տալով ասում.

— Հա՜, Առաքելին որ տանուտեր չեք ընտրել այս անգամ, էլ պրծնում չկա ձեզ։

Շատերն էլ ասում են, թե պրիստավը չի ասել, Առաքելի կողմնակից մարզիկն են այդ լուրը տարածել գյուղում:

Մանասը ձորակում բոստանատեղն էր փորում, երբ ականջովն ընկավ այդ։ Աչքի տակով նայեց գետնին, քարը մի պահ ձեռքին մնաց, քարը պատին դնելիս մտքում տպվեց, որ Առաքելը ոխը մի տեղից պիտի հանի։ Իրիկունը Մանասը դռան երկաթ կապին նայեց ու կնոջն ասաց.

— Ա՜յ կնիկ, մեզ մի շուն ա պետք, գյուղի ծերին ենք, ճամփի բերան։

...Ո՞վ էր՝ կանչեց, թե Առաքելը պիտի տանուտեր լինի։ Ժողովին մեկը կանչեց, հետո մի ուրիշ խումբ միացավ, վերջում որոշեցին կողմերի բաժանվել։

— Առաքելին ուզողը դեպի պատը,— կանչեց