Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկը։ Մի խումբ քաշվեց դեպի պատը, հետո մի քանի հոգի միացան, և երբ գյուղի «իշխան» մարդիկ իրար բոթելով շարժվեցին դեպի Առաքելի պատը, ժողովուրդը հետևեց նրանց, աղի վրա գնացող ոչխարի պես։

Մանասի ոտքերը թուլացան, և ոտքերը քաշ տալով ինքն էլ գնաց բոլորի հետ, հոտից ետ ընկած կաղլիկ ոչխարի նման։

— Շեն կենա Առաքել քյոխվան,— ձայն տվին այս ու այն կողմից, փափախները գետնով տվողներ էլ եղան: Մինչև հիմա էլ գյուղում պատմում են Առաքելի մասին։

— Յաման քյոխվա էր, ջանի կրակ էր։ Քանի՜ մարդ ա փչացել նրա ձեռքից։ Մի ձեռքը խանչալի կոթին էր, մինն էլ ղամշու։

Պատմում են, թե ինչպես Առաքելը գիշերով հանդ էր գնում։ Եթե տեսներ, որ մի ոչխար է ընկել իր կամ բարեկամի արտը, ոչխարն արտի մեջ մորթում էր։ Սարում, երբ լսում էին, թե Առաքել քյոխվան ման է գալիս, չոբաններն ահից ոչխարը մի վերստ էլ հեռու էին քշում։

Եվ պատմելիս ծերերից մինն ավելացնում է.

— Խեղճ Մանասն էլ նրա ձեռքով չփչացա՜վ, տունն էլ ավերակ թողեց...

***

Մանասը երբեմն միտք էր անում, թե Առաքելը ոխը հանելու համար գնաց տանուտեր եղավ։ Մտածում էր, բայց մտքինը ոչ ոքի չէր ասում։

Իսկ եթե ազգ ու բարեկամ էլի ասում էին.

— Մանաս, տապ արա, թրի սուր ժամանակն է... Մանասը փափախը գետնով տալ չէր ուզում, էլի իր հին ասածն էր կրկնում։

Բայց Առաքելը չէր էլ ցույց տալիս, թե ինքը հաշիվ ունի Մանասի հետ։ Այն օրից, երբ տանուտերի շղթան վզովն անցկացրեց, պղնձե կնիքն էլ գրպանը դրեց,