Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաքելն այդ օրից ձևացնում էր այնպես, որ իրր թե Մանասին չի էլ տեսնում։

-Մանաս, զարթուն կաց, Առաքելը հանկարծ է քեզ նեղը գցելու։

-Երբ լուր եկավ, թե քաղաքներում գործադուլ կա, հեղափոխություն է ընկել, Առաքելն ականջները խլշեց։ Նույն գիշեր Առաքելի ձիու սմբակների տակից կայծեր թռան։ Պրիստավը հուսադրեց նրան.

— Ձեր գործին կացեք, ժողովուրդ, տարին խառն ա, չլսեմ, չիմանամ, թե լոթի֊փոթի մարդիկ են գալիս, գիշերով թաքուն ժողով անում։

Իր շվաքից խրտնեց, թե իրոք վտանգ կար գյուղում, երբ մի շաբաթ հետո Առաքելը նորից գնաց պրիստավի մոտ։

— Պրիստավն ապրած կենա, գյուղում էլ են երևում խառնակիչ մարդիկ. մի տասը հատ ղազախ թող հետս գա, գյուղում երևան մի անգամ, ժողովուրդը զարզանդի։

Պրիստավը բեղերը ոլորեց, բեղը փաթաթեց մատին և ձգեց մինչև աչքատակ, ասես աչքն էր ուզում կոխի։ Բեղերը ոլորելիս թշերն ուռեցրեց, զուռնա փչողի պես։

Առաքելը կազակների հետ դեռ գյուղը չհասած, բոլորն էլ գիտեին, որ գալիս են։ Այդ երեկո շատ տներում ճրագ չվառեցին, շատերը մինչև լույս աչք էլ չփակեցին։

... էյ, պլաստուն կազակ, ինչո՞ւ այդքան շատ խմեցիր Առաքելի տանը, արյունդ գլխիդ տվավ, տաքացար։ Մանաս, կինդ այդ օրը երանի լվացք չաներ և լվացքը չփռեր պատին։ Որովհետև դիմացի ցանկապատի արանքից Առաքելը կազակին մատով ցույց էր տալիս կնոջդ, որ լվացք էր փռում։ Կազակ, մոռացա՞ր միթե, որ Դունյաշայիդ երկրում ձորակներ չկան, ինչպես Օրանջիան, ցանկապատի ետև վերջին անգամն էիր պռոշներդ լիզում։

Մինչև այժմ էլ գյուղում, երբ պատմում են Օրանջիայի մասին, մի ականատես միշտ էլ ավելացնում է.

— Սարքովի էր բոլորը, Առաքելը սատանի հունար ուներ...