Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մթնում էր, դռները կապում էինք, մտնում տները։ Լակում էին ղազախները, ընկնում քուչեքը։ Շաշկով էնքան հավի վիզ թռցրի՜ն...

— Էն տարին իմ մի երինջս տարան, որ էլ ինչ ասեմ է՜, աչքերս էլ հետը տարան...

Այդ տարուց շատ բան են պատմում, երբ խոսք է վեր գալիս Օրանջիայի մասին:

Մանասն այդ օրն անտառ է գնացած լինում։ Հունձը վերջացել էր, կալի ժամանակն էր։

— Ի՜նչ էլ բերք կար էն տարին... Կտուրների վրա, պատերի տակ դեզեր էին...

Մթնել էր, մեկ էլ Օրանջիայից մի ծկլթոց եկավ, հավարի ձայն։

— Հենց էն ա, ականջս ծկլթոցին էր, մեկ էլ մի անգամ կրակեցին։ Կրակոցից ձորերը զրնգացին։ Օրանջիայի ձորակը վառվում էր, ալավը երկինք էր հասնում։

Ամբողջ գյուղն էր այդ գիշերը թափվում ձորակը, բայց արդեն ուշ էր։ Խրճիթը, որի կտրին դեզեր կային, պատերի տակ թափված խուրձեր, խրճիթը վառվեց, նավթոտ փալասի պես։ Երբ լուսո դեմ կրակը հանդարտեց, խանձված ընկած էին Մանասի կինը, երեխան, կազակը:

— Է՜, ի՜նչ չարչարանք քաշեց գյուղը, քանի մարդու ծեծեցին, ինչեր չարին... Մանասին տարան, ինչ ասես չարին, վիզ չառավ։ Հենց ասում էր, թե ես անմեղ եմ, ես չեմ ղազախին սպանել։ Ղազախներն էլ վկայել էին, որ Մանասն է սպանել: Բա, էսպես բաներ...

Երբ Մանասին վագոն դրին դեպի հեռավոր տունդրաները, իզուր էր կայարանի ժխորի մեջ աչք ածում ծանոթ մեկին։

— Գնաց, էլ թե ինչ եղավ, տեղեկություն չկա...

...Հետո քամին սերմեր բերեց, և Մանասի տան ավերակների վրա ծաղկեց մասրենին։ Ամեն գարնան Օրանջիայում այնքան վարդեր են լինում, դեղին, սպիտակ։