Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թեական է, և ոչ մի փաստ չի կարող բերել նա, բարի բանավոր վկայությունից, վաղուց մեռած պառավների ավանդական զրույցներից:

Ստույգ է միայն այն, որ Մրոցը հնուց ի վեր իր տեղն է, և, երբ դիտում եք տների հաստ պատերը, անտաշ քարերը, թվում է, թե անհիշելի ժամանակ, երբ Մրոցի լեռներն են գոյացել, լեռները գոգաձև հարթություններ են կազմել, որ գագաթների ձյունը հալչի և հոսի ձորերով,— լեռների գոյացման հետ միասին ապառաժի կտորներից ծնվել են Մրոցի բնակիչները, հարթավայրերում հաճար ցանել, ժայռի գլխին ցատկող վայրի քարայծներին ընտելացրել և սերունդների փորձով սովորել մածունից կարագ ստանալ: Դուք այդպես եք մտածում, որովհետև Մրոցը հեռու է, մոռացված, ճամփան դժվար, ճամփի վրա կանաչ խոտ։

Հարկավոր չէ բարձրանալ ժամի կտուրը՝ տեսնելու համար, թե ինչքան ձորեր կան Մրոցից վերև։ Եվ եթե ժամանակին հսկաներ են ապրել, իհարկե, այդ ձորերը նրանց համար հասարակ առուներ են եղել։

Գուցե ժամանակին և ոչ մի հսկա չի եղել, լեռան առվակներն են դարերի ընթացքում քերել փեշերը, ժայռեր գլորել, մաշել իրենց փրփուր ալիքներով կարծր քարեր և փորել խոր անդունդներ, ուր կուսական անտառներ կան, անտառներում՝ նույնքան կուսական արջեր, եթե կուսական նշանակում է մարդու երես չտեսած։

Այդ ձորերում է սնոտի հավատալիքների, քաջքերի և չարքի աղբյուրը, և հիմա էլ Մրոցում շատ ռամիկ անտառի մամռապատ քարանձավների մոտից անցնելիս՝ երկյուղած, շունչը փորն է նետում, տրեխներով զգույշ հուպ տալիս չոր տերևներին և շշուկ լսելիս ծնկներում դող զգում, թեկուզ այդ շշուկը տրեխի տակ ճռացող չոր ցախից լինի։

Եվ երբ ձմեռ է լինում, և ձյունի ծանրությունից անտառում շատ ծառեր են ջարդվում, Մրոցում քուրսու մոտ նստում են, մի ալևոր, որ հազար անգամ է շալակով ցախ