Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բերել անտառից, սկսում է պատմել այն մասին, թե ինչպես գիշեր ժամանակ, անտառով անցնելիս, ականջով մի ձայն ընկավ, կարծես մի կին, մի շատ ծանոթ կին, բարակ ձայնով կանչեց իրեն, ինչպես ինքն ասպանղակեց ձիուն...

Պատմում է, ոտքերը կախ տալիս թոնրի վրա։ Նրան ի՞նչ, թե աչքերը կիսախուփ անող թոռը վախից կուչ է եկել տատի փեշի մոտ, չգիտե` լսի՞ պապի գլխով անցածը, թե քնի տաք քուրսու մոտ։ Եվ եթե պապի պատմածին լսում է և գյուղի կոմսոմոլը (իսկ Մրոցում դեռ կոմսոմոլ քիչ կա) գիրկապ անելով սերտում իր գիրքը՝ «Ազատ ենք մենք, մենք ագատ ենք», — նրա մի ականջը դարձյալ պապի պատմածին է, թեկուզ ժողովում լսած էլ լինի, որ անտառի քաջքը չիք է, հնարովի և սնոտի։

***

Մրոցն, իհարկե, գյուղխորհուրդ ունի, խորհուրդն էլ՝ նախագահ։ Բայց և ոչ մի զեկուցում չի ասի այն, ինչ կտեսնեք, եթե ապրեք Մրոցում, թերթեք նրա հնադարյան գիրքը։

Գյուղի վերևում հին քարայրներ կան, որոնց շվաքում նախիրից ետ արած հորթերն են նստում։ Անտաշ քարեր կան, կարգով շարած, շրջանաձև, շրջանի մեջտեղ մի մեծ տափակ քար, որի վրա աղ են շաղ տալիս ոչխարի համար: Այն մարդիկ, որոնք այդ քարերը ժայռերից պոկել, ցցել են գյուղի վերևը, գուցե ոչխար էլ չեն ունեցել։ Մրոցը դրա մասին չգիտե ոչինչ, միայն հնուց քարակույտերը հայտնի են որպես «Կռապաշտանոց»։

Մրոցը՝ նեղլիկ փողոցներ, փողոցներով առվակներ, նախիրը հանդից գալիս թրքոտ կճղակները լվանում է փողոցների ջրերում, և ամեն առավոտ-իրիկուն ջրերը պղտորվում են, ասես առուներով աղբաջուր է հոսում։ Գյուղի մեջտեղ հինավուրց ժամը, ժամի դռան՝ հարյուր տարվա թրիք: Ժամի շվաքում մակաղել է ոչխարը,