Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Մեծ դեպք էր Մրոցի համար, երբ մի օր էլ, ձիերի վրա բարձած, մի մեքենա բերին։

Նախագահը գիրկապ անելով կարդաց ստացած գրութունն այն մասին, թե «Ուղարկում ենք մի տրիեր. առաջարկում ենք, նախագահի անմիջական պատասխանատվությամբ, հսկել մեքենային ցնոր կարգադրություն»։ Եվ քանի որ թուղթը կնքված էր կնիքով, գրված էր պատշաճ ձևով, նախագահը բացեց մտից մատյանը և գրեց. «Շրջանից առ այն, որ գյուղումս եկավ մի մաշին ցնոր կարգագրություն»:

Եթե Մրոցի անտառներից հանկարծ մի փիղ դուրս գար և տնկվեր ժամի առաջ, այնքան էլ չէին զարմանա։ Ալևոր մարդիկ կհավատացնեին, որ փիղը մեծ արջ է, և գյուղը կհավատար։

Բայց ոչ անտառում և ոչ էլ ձորերում, ոչ մի ալևոր մեքենա չէր տեսել։ Եվ երբ նախագահը մեքենայի մոտ հավաքված չտես բազմությունը տեսավ, որ շրջապատել էր և ձեռքը վախվխելով մոտեցնում էր մեքենային, պարտք համարեց ցրել չտեսբբազմությունը։

— Զարմացք մարդիկ եք, կասես տեսել չեք, մաշին ա, էլի՜,— ասաց նա: Երբ հարցնող եղավ, թե ինչու համար է մեքենան, ինքն էլ չիմացավ, թե ինչպես հնարեց, որ այդ մեքենան նամակներ է տանում ուրիշ քաղաք, ազգ ու բարեկամի և «ծտի թևով» նրանցից լուր է բերում։ Երբ հավատաց չտես բազմությունը, նախագահն ինքն էլ ճշմարիտ համարեց իր հորինածը և ուրախացավ էլ, որ Մրոցում միայն ինքն իմացավ մեքենայի ինչ լինելը։ Նա մենակ չէր։ Առավոտյան ջրի գնալիս նախագահի կինը մյուսների առաջ պարծենալու առիթ ունեցավ։

Գիշերով մեքենան թողին նույն տեղը, գզիրը մի քանի անգամ հեռացրեց նրանց, որոնք զարմանքով շարունակում էին նայել և մտածեց, թե ինչպես է այդ մեքենան նամակներ տանելու հեռու քազաքներում ապրող իրենց բարեկամներին։