Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարում ետ դառնալ։ Ասում եմ արջ ա, ինձ հլա չի տեսել։ Մին էլ...

Բայց հենց այդ րոպեին կտուրից լսեցին ձիու ոտնաձայն, ետ նայեցին։ Փողոցում կանգնել էր մի կին, տղամարդի գլխարկով։ Կինը պինդ բռնել էր ձիու սանձը, իսկ ձին ոտքով դոփում էր փողոցի թրիքը։

— Բարև ձեզ,— ասաց կինը։ Կտուրի վրա նստողները գլխով թեթև շարժում արին։

— Խորհրդի նախագահը տանը չի՞,— հարցրեց կինը։

Սաքանը, որ մոտեցել էր և ձիու սանձը բռնել, ասաց.

— Չէ՛, խոտատեղից դեռ չի եկել։

Կինը հարցրեց մի ուրիշի տուն։ Սաքանը մատով ցույց տվավ.

— Հրեն է՜, էն մեծ տանձու մոտ:

Եվ երբ կինը կոշիկների ծայրով հրմշտկեց ձիու կողերին, Սաքանը տեսավ կնոջ բարակ գուլպաների վերի մասը, մի մատ լայնքի ժապավեն՝ գուլպայի վրա, ժապավենից վերև էլ վարդագույն միսը, որ կարծես նույն ժապավենն էր, մի քիչ բաց կարմիր։

Սաքանը վերադարձավ, նստեց տեղը, կտուրի քարին: Հարցրին նրան, թե կինն ո՞ւմ էր ուզում։

— Կնանոնց ժողովի համար ա եկել, — պատասխանեց Սաքանը։

Ալևորը շարունակեց Մթնաձորի պատմությունը պատմել այնքան դանդաղ, ասես ոչ միայն դժվար էր վերհիշում հինը, այլև հնարում էր, զարդարում հազար ու մի անակնկալ և միջանկյալ դեպքերով։

— Ես վազում եմ, ինքը իմ ետևից, կանգնում եմ, նա էլ է կանգնում։ Եվ ի՞նչ չարք ա, ինչ հնարք ա... կռացա, որ քար վեր ունեմ...

— Սաքա՛ն, Սաքա՛ն,— ձայն տվավ մայրը կտուրից,— եկ է՜, կովը ծնում ա...

Սաքանը տեղից վեր թռավ, մահակն առավ և կտուրից կտուր անցնելով գնաց: