Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չթողաս, որ հորթին կոխ տա, հեյվանը խամ ա ,— կանչեք ծերը հեռացող Սաքանի ետևից և ապա սկսեց պատմել, թե ինչ արեց «չարքը», երբ ինքը կռացավ, մի քար վեր առավ։

Իրենց կտուրին երբ հասավ, գոմի երդից Սաքանի ականջովն ընկավ կովի բառաչը։

— Սաքան, մի բան չպատահի, — ասաց մայրը, որ կովի ամեն մի բառաչը լսելիս բռունցքով կրծքին էր խփում և ասում.

— Ջա՜ն, Մարալ...

— Էսօր օրը չի,— ասաց Սաքանը և գոմի դուռը բացեց։ Դռան ճռռոցի վրա կովը ետ նայեց, իրիկնամուտի լույսն ընկավ դեմքին, և եթե Սաքանը կովի աչքերին նայեր, աչքերում առաջին երկունքի դժվարին ցավը կտեսներ: Բայց Սաքանը մոտեցավ, ձեռքը կովի փորին դրեց, կախ ընկած պտուկներին նայեց, կաթով լի կրծքին։

— Խոտ բե՜ր, նանի,— և մինչև մայրը խոտ կբերեր գոմի քարերին փռելու, Սաքանը թևերը վեր քաշեց, էլի շոշափեց կովի կախ ընկած փորը։

Մարալի ցավերը ավելի շատացան։ Կովը հաճախ տեղը փոխում էր, ետ ու առաջ անում, գլուխն ախոռի տախտակներին դեմ տալիս, փնչոցով հոտոտում գոմի քարերը, իսկ երբ արգանդում հորթուկը ավելի էր շարժվում, Մարալը խրտնում էր ինքն իրենից, պոչով փորին խփում, կարծես շարժվողը մեջքի վրան էր և պոչի հարվածից պիտի թռներ, հեռանար։

Սաքանի փոքրիկ տղան երևաց գոմի դռան մոտ, պորտը քորելով ուզեց ներս մտնի, բայց նանին թևից բռնեց, տուն տարավ։

— Ճրագը բե՛ր, ո՞ւր ա էն հարսը,— հարցրեց Սաքանը։

— Եսիմ։ Կնանոնց ժողով ա Սրանոնց տանը, մի կնիկ ա եկել քաղաքից։

Սաքանը մտաբերեց ձիու վրա նստած կնոջը, գլխին՝