Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տղամարդու գլխարկ, որի տակ ծամերը հավաքել, գունդ էր արել, կնոջ գուլպան, ծայրին կարմիր երիզ։

Կովի կծկումները շատացան։ Ուռած փորը հևալու պես էր լինում, Մարալը ցավից թուլացել, հազիվ էր կանգնում ոտքերի վրա։

Սաքանը չկարողացավ էլ իր դժգոհությունը հայտնել կնոջ բացակա լինելու առթիվ։ Բայց մայրը հասկացավ նրան և ասաց.

— Ախր էսօր օրը չէր...

Քիչ հետո Մարալը լիզում էր չոր խոտի վրա պառկած լորձունքոտ հորթին, որ աչքերը մերթ բաց էր անում, մերթ խփում։

— Վո՛ւյ, վո՛ւյ, նանի՛, պոչը ծաղիկ ա,— կանչեց Սաքանի տղան, որ կովի ծնելու ժամանակ հորից և տատից աննկատ ներս էր մտել և պահվել գոմի անկյունում՝ Սաքանը ձեռքերը լվաց, գնաց կովի համար մարագից մի քթոց դարման բերելու։

— Չթողաս, որ շատ լզի։

Սրանոնց տան մոտով անցնելիս Սաքանը կռացավ, թղթած պատուհանից ներս նայեց։ Գետնին նստոտել էին կանայք, նոր եկածը խոսում էր, ձեռքերը շարժում, երբեմն էլ նայում ձեռքին բռնած գրքին։ Կինն առանց գլխարկի էր։ Սաքանին թվաց, թե շորերն էլ է փոխել։ Ձիու վրա նա սպիտակ չէր հագնված, թևերն էլ մինչև արմունկը բաց չէր:

Գետնին նստոտած կանանց մեջ Սաքանը իր կնոջն էլ տեսավ, շալը գլխին։ Այնպես խեղճ-խեղճ նստել էր։ Դռան մոտ ոտնաձայն եկավ, Սաքանն արագ ծռվեց փողոցով, կորավ մութի մեջ։ Մարագում դարմանը քթոցի մեջ լցնելիս Սաքանի աչքի առաջ սպիտակ շորերով կինն էր, գիրքը ձեռին։

Եթե գիշերով մեկը հանդիպեր Սաքանին, կնկատեր, որ քթոցը թարս է շալակել։ Սրանոնց տան մոտով անցնելիս Սաքանը ուզեց մոտենա, բայց պատուհանում լույս չտեսավ, անցավ։