Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կովը նստել էր խոտի վրա և որոճում էր, երբ Սաքանը դարմանով լի քթոցը դրեց գոմի անկյունում։

— Տանը ղոնաղ կա,— ասաց մայրը, հորթուկին գրկեց, հորթանոցը տարավ։ Կովը հորթի ետևից կամաց բառաչեց։

Սաքանը չհարցրեց, թե ով է հյուրը։ Չուխայի փեշերից դարմանը թափ տալով ներս մտավ տան շեմքից և հենց այն էր, որ մի անգամ էլ պիտի թափահարեր չուխան,— երբ գլուխը բարձրացրեց, տեսավ հյուրին, և ձեռքերը բարձրացրած մնացին։

— Ընկեր Ասյան էս գիշեր մեզ մոտ ա մնալու,— ասաց կինը Սաքանին։

Ասյան ժպտաց։

— Էն դուք էիք, որ կտուրի մոտ ճանապարհը ցույց տվի՞ք։

— Հա՛, ես էի,— ասաց Սաքանը, մոտեցավ բարով տալու և երբ սեղմեց հյուրի ձեռքը, Սաքանին այնպես թվաց, թե նրա ձեռքը նոր ծնած հորթուկի պես փափուկ էր:

— Ի՜նչ լավ հորթուկ է,— ասաց Ասյան։

— Կարելի ա, լավն ա,— պատասխանեց Սաքանը տեղավորվելով նրանից մի քիչ հեռու։

— Էդ էլ մեր դասն ա էլի, ընկեր Ասյա, սերտում ենք, — անկյունից ձայն տվավ Սաքանի կինը, սանդուղից բաժակները հանեց և ավելացրեց.

— Գնացել ա, հորթին պաչել...

Մի պահ երեքով էլ լռեցին։ Ասյան կարպետի վրա շորերով քնած փոքրիկին էր նայում, որ կրծոտել էր հացը, մորը սպասել և նստած տեղն էլ քնել։ Սաքանը ունքերի տակից Ասյային էր նայում, նրա սպիտակ բլուզին, թևերին և մատով սրբում կարպետի երեսը, թեկուզ սրբելու էլ բան չկար։

— Տեղավորեցի,— ասաց նանին, շեմքի մոտ հանգցնելով ձեռքին բռնած սև նավթի ճրագը։ Նանին ինչ լավ արեց, որ եկավ և խախտեց լռությունը։