Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի քամակին, մինչև վարազները ջրի գային։

Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում։ Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում։

Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում, կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում գիշերով տուն տանելու համար։

Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Թարմ հետքեր կային ձյունի վրա։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Այդ Ավու համար վատ նշան էր, որսը հաջող չպիտի լիներ։ Մի քիչ էլ ման եկավ, պախրայի հետք տեսավ, փնտրեց ու չգտավ։ Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն։

Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։

Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Ավու շունչը վարն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ Պանինը։ Ասես գետնի տակից բուսավ։

Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը կարմիր ճակնդեղ։ Պանինը թքոտեց, որպես Մթնաձորի արջ։ Եվ երբ բարձրացրեց կնուտը, Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում. Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում։

Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն։ Կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար,