Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սաքանը քուրսու վրա գցած կարպետի ծոպերի հետ էր խաղում, ականջը կնոջ պատմածին: Եվ երբ կինը ասելիքը վերջացրեց, Սաքանը տեղից վեր կացավ, գոմի ճրագի տեղը հարցրեց և ուսը քորելով գնաց գոմ:

Խոտի վրա աղվամազոտ հորթուկն էր պառկել, լեզվով պռունկներն էր լիզում: Կովը մերթ խոտ էր ուտում, մերթ գլուխը դարձնում հորթի կողմը, մնչում: Սաքանը ախոռի մեջ խոտ լցրեց, մի քիչ էլ կանգնեց կովի մոտ, ճրագը ձեռքին:

Երբ տուն եկավ, Ասյան արդեն պառկել էր: Անկողնու մոտ նրա շորերն էր, միջին սպիտակ շրջազգեստը, որ Սաքանի աչքին ձյունի կիտուկի պես երևաց: 10 Երբ անցավ նա անկողնի մոտով դեպի սենյակի մյուս անկյունը, ուր իր տեղաշորն էր և երեխայի օրորոցը, քթով դուրեկան մի հոտ ընկավ, կասես մեկը քաղել էր սարի ծաղիկները, սեղմել, հյութը հանել և ջրի պես շաղ տվել քուրսուն, հատակին, ծխից սևացած օճորքին: Բայց երբ նստեց իր տեղաշորի վրա, տրեխները հանեց, քթովն ընկավ գոմի կծծահոտը, տրեխներին կպած աղբի, հարդի կծծած կտորների հոտը: Այդ անկյունում չլվացած վերմակի, հազար անգամ քրտինք ծծած շապկի, արևի տակ խանձված չուխի, անլվա մարմնի հոտը կար:

Սաքանը մորը պատվիրեց, որ մանգաղը հազիր անի՝ առավոտ կանուխ կովի համար կանաչ խոտ բերելու: Շուլալվեց հաստ վերմակի տակ, քունը կամաց 20 իջավ բեզարած մարմնի վրա: Նրան թվաց, թե օրորվում է ջրի երեսին, վեր ու վար լինում, ջրի երեսին օրորվում է և մի սպիտակ շոր:

Երբ կինը բարձրացրեց վերմակի մի տուտը և մեկնվեց Սաքանի կողքին, Սաքանն աչքերը կիսաբաց արեց, տեսավ, որ ճրագն արդեն հանգել է: Նա կամացուկ հարցրեց կնոջը, թե ինչու գլխատակին բարձի տեղ կարպետ է:

— Մեր բարձը նրան եմ տվել, — ասաց կինը և ավելի մոտեցավ նրան: Սաքանի քթովն ընկավ կնոջ բերանից