Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Սաքանը կանգնել էր գոմի դռան: Նա տեսավ, թե ինչպես է լվացվում Ասյան։ Մի քանի անգամ բերանը ջուր առավ, թշերն ուռցրեց, մատով քսեց ատամներին, ողողեց, ջուրը թափեց։ Սաքանի միտն ընկավ, թե ինչքան վատ հոտում էր կնոջ բերանը։

— Դե ամեն ինչ սովորովի յա, մորուց ի՛նչ ա տեսել...

Առավոտ թեյին Ասյան էլի քիչ կերավ։ Մայրը մի կողմից էր ստիպում, կինը մյուս կողմից։

—Կե՛ր, ճանապարհ ես գնալու, կսովես... Ասյան, ծիծաղելով թե՝

— Իմ կերածը ինձ երեք օր հերիք է։

Նանին զարմացավ և մտքում որոշեց, որ Ասյան վատառողջ է, ներսը փուչ է, երևի մի հիվանդություն ունի, որ շատ չի ուտում։

Հետո Սաքանը գնաց, հարևանի գոմից Ասյայի ձին բերեց։ Կտուրի վրա հավաքվել էին մի քանի կանայք։ Ասյան ինչ-որ բան էր ասում նրանց։ Սաքանը ձիու թամբն էր սարքում. նրա ականջին հասավ այն, որ Ասյան խոսք տվավ նորից գյուղ գալու։

Ձին թամբած էր արդեն, երբ կանայք կտուրից իջան։ Ասյան ձեռք տվավ նանուն, կռացավ երեխայի թուշը պաչեց, մոտեցավ, որ ձին նստի։ Սաքանը սանձն էր բռնել։ Ասյան ձեռքը ձգեց թամբին, փորձեց բարձրանա և հենց քիչ էր մնացել, որ ոտքը դուրս պրծնի ասպանդակից, երբ Սաքանը պահեց նրա ոտքը, օգնեց բարձրանա։

Ասյան ցտեսություն ասեց Սաքանին, ձեռք տվավ և իջավ ճանապարհով։ Կանայք ուղեկցեցին նրան մինչև գյուղից դուրս գալը, ձին պահեցին, մի քիչ էլ խոսեցին, հարևան գյուղի ճանապարհը ցույց տվին և բաժանվեցին։ Կանայք ցրվեցին գյուղի փողոցներով։ Ասյան ձիու սանձը պինդ սեղմած, կոշիկի կրունկով զարկեց ձիու կողերին. ձին քայլերն արագացրեց։

Սաքանը մի պահ մնաց տեղում կանգնած, հետո